«Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը. Հարություն Խաչատրյան
Հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն: Նախագահի պաշտոնում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ով այսօր իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Նշենք, որ հենց նա է 14 տարի առաջ հիմնադրել այդ փառատոնը:
«Այդ տարիներին ամբողջովին կործանվել էր հայկական կինոն. կործանվել էր կինոստուդիան, վաճառվել էին կինոթատրոնները, մասնագետները գնացել էին տարբեր երկրներ աշխատելու: Ոչ մասնագետ էր մնացել, ոչ կինոյի մթնոլորտ կար, ոչ կինոյի աշխատող, ոչ էլ փող: Իսկ կինոն կարևոր գործիք է, պետք էր վերականգնել: Դրա համար պետք էր ստեղծել մթնոլորտ, սակայն որևէ մեկը փող չուներ ներդրումներ անելու համար՝ գործիքներ առնել, սցենարներ գրել տալ, սովորելու ուղարկել: Փառատոնը միջոց էր, որ մարդիկ ծանոթանային համաշխարհային կինոյի հետ, վարպետության դասեր անցկացվեին, թաթախվեին կինոյի մեջ, տեսնեին՝ ինչեր էին կատարվում աշխարհում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Խաչատրյանը՝ նախ հիշեցնելով, թե ինչու որոշեց հիմնադրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
Նրա խոսքով, այս տարիների ընթացքում բավականին հաջողության են հասել. եթե սկզբում 1-2 հայկական ֆիլմ կար փառատոնի ծրագրում, այժմ արդեն՝ 25-26, նույնիսկ այն դեպքում, երբ ոչ բոլոր ֆիլմերն են ընդգրկում: Կամ՝ եթե առաջ կար 1000-1500 հանդիսատես, այսօր 45-50 հազար մարդ է նայում փառատոնային ֆիլմերը:
«Բայց այս տարիներին մեզնից որևէ մեկի մոտ մի բան չստացվեց՝ հայկական կինոն չկայացավ: «Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը, որպեսզի օգնեին երիտասարդներին, օգնեին տարածելու հայկական կինոյի տեսակը, որը դեռ չկա, լուրջ քաղաքականություն վարեին կինոյի միջոցով: Այսօր առիթ է ստեղծվել: Կինոմիությունն իրավունք ունի իր շուրջ հավաքել բոլորին: Իմ ընկերները համոզեցին, որ համաձայնվեմ և առաջադրեմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում»,- նշեց կինոռեժիսորը:
Նա համոզված է, որ միայն միասնական ուժերով կարելի է կայացնել հայկական կինոն:
«Վրացական կինոն կայացավ, ընդունեցին ճիշտ օրենք, ճիշտ ֆիլմեր են նկարահանում: Մենք միասնական գործ չարեցինք. Կինոինստիտուտն առանձին է աշխատում, Կինոկենտրոնը՝ առանձին, «Հայկ» կինոստուդիան՝ առանձին, մասնավոր կինոարտադրողներն՝ առանձին: Չկա ընդհանուր գաղափար, չկա մի նպատակ, չկան պաշտպանական, իրավական միջոցներ, չկա օրենք: Այդ ամեն ինչով պետք է զբաղել, հավաքվել իրար կողքի և հնարավորություններն օգտագործել հայկական կինոյի կայացման, զարգացման համար»,- նշեց Հարություն Խաչատրյանը:
Հարցին, թե արդյոք չի ազդի փառատոնի տնօրենի պաշտոնից ձեր հրաժարումը փառատոնի վրա, նա նշեց. «Փառատոնն արդեն կայացած է, ոտքի վրա է, կարող են շարունակել մյուս հիմնադիրները՝ Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը: Լուրջ մարդիկ են զբաղվում փառատոնով»:
Պատասխանելով հարցին, թե «Ոսկե ծիրան»-ի հետ կապված ունեի՞ք ծրագրեր, որոնք դեռ չեն իրականացվել, Հ. Խաչատրյանն ասաց, որ պետք է փոխել ծրագրերը, ավելի շատ աշխատել արտադրության, պրոեկտների ֆինանսավորման վրա, կանչել դասախոսների, ովքեր կզբաղվեն պրոեկտները կարգի բերելով, մրցակցային դարձնելով:
«Կարևոր է՝ փառատոն, միաժամանակ դպրոց բոլոր նրանց համար, ովքեր ուզում եմ համաշխարհային կինո մտնել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ռեժիսոր, Կինեմատոգրաֆիստների միության անդամ Վահե Գևորգյանցը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
- Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին