«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնը ձևաչափային փոփոխություններ է ունեցել
«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ էր ներկայացրել 61 երկրի ներկայացուցիչ, որից նախըտրական փուլն անցել և մրցութային ծրագրերում ընդգրկվել է 131 ֆիլմ՝ 39 երկրից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը։
Նա նշեց, որ հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են 69, «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրում՝ 23, իսկ «Ուսանողականում»՝ 40 ֆիլմ:
«Այս տարի որոշակի ձևաչափային փոփոխություններ ունեցանք։ Դուրս եկանք հիմնական թեմատիկ սահմանափակումներից, որտեղ խոսվում էր միայն կնոջ մասին։ Այս տարի մրցութային թեմաների սահմանափակում չկա»,- ասաց կինոփառատոնի հիմնադիրը։
Հանդիպմանը ներկա կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Սիմոն Սահակյանը շեշտեց, որ «Սոսե»-ն ընդլայնել է իր շրջանակները և համագործակցում է հոլիվուդյան iPitch.tv պլատֆորմի հետ, որը մրցանակակիրներին հնարավորություն կտա գաղափարներն ու նախագծերը ներկայացնել հոլիվուդյան առաջատար պորդյուսերներին և այնպիսի կինոկազմակերպություններին, ինչպիսիք են Warner Brothers-ը, New Line Cinema-ն, Sony Pictures Entertainment-ը։
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, կինոփառատոնի ժյուրիի անդամ Հովհաննես Գալստյանի խոսքով՝ այսպիսի փառատոնները հնարավորություն են տալիս դիտելու ոչ միայն կոմերցիոն ֆիլմերը։
«Աշխարհում փառատոնների կատարած մյուս կարևորագույն առաքելությունն այն է, որ հարթակ են տալիս տեղի կինոարտադրողին՝ իր նախագծերը ներկայացնելու փառատոնին հետևող վաճառքի գործակալներին։ Խոշոր փառատոններն այսօր շատ մեծ տեղ են տալիս շուկային, որն այսօր կա իրենց կողքին, քան զվարճություններին, կարմիր գորգերին և այլն»,- ասաց ռեժիսորը։
Հովհաննես Գալստյանի կարծիքով՝ հայկական կինոարտադրության բարդ խնդիրներից մեկն այն է, որ որ մեր կինոարտադրությունը շատ լոկալ է, փակ է, ֆիլմերը գրեթե Հայաստանի սահմաններից դուրս չեն գալիս. «Սրա պատճառն այն է, որ մեր նախագծերը հետաքրքրություն չեն առաջացնում ոչ ստեղծման նախնական փուլում, ոչ էլ հետո շուկայի համար։ Չունենք համաարտադրողներ, որոնց միջոցով հետո կարող ենք դուրս գալ շուկա։ Եթե հայկական փառատոնը հնարավորություն է տալիս հայկական կինոարտադրողին ներկայացնելու իր ֆիլմը օտարերկրյա վաճառքի գործակալին, պրոդյուսերին։ Սա կարևորագույն մի բան է, որ կարողանա փառատոնը կատարել»։
Նշենք, որ «Սոսե» միջազգային կինոփառատոնի մեկնարկային կինոդիտումը կկայանա այսօր՝ ժամը 20:00-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆիևի օրագրի հիմնա վրա նկարահանված «Պրոկոֆիև. Ճանապարհին» ֆիլմով։
Հարակից հրապարակումներ`
- «Սոսե 2017»․ Ճանապարհ դեպի Հոլիվուդ
- «Սոսե 2017». 132 ֆիլմ 39 երկրից
- Հայաստանը պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին