Կառավարությունը մտադիր է արտահանողների ԱԱՀ-ն վերադարձնել ավելի կարճ ժամանակահատվածում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումներին ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ հանձնարարական տվեց:
Վարչապետը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90 օրյա ժամկետում և կառավարությունը հսկողություն է սահմանում՝ խստորեն պահպանելով կարգապահությունը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում ֆինանսական դժվարություններ է կարող է ստեղծել իրենց համար:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին վարչապետը հանձնարարեց մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել:
«Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասաց Կարեն Կարապետյանը: