Իլհամ Ալիևը հանցակից է Գուրգեն Մարգարյանի սպանությանը. Նազելի Վարդանյան
Ադրբեջանը երբեք չի խորշել գումարներ ծախսել՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի նկատմամբ ցանկալի դատավճռի հասնելու համար։ Ասվածի հիմնավորումներից մեկն էլ այն է, որ ոճրագործը երկու անգամ անմեղսունակ է ճանաչվել։ Սա այն դեպքում, երբ առաջին և վերջին փորձաքննությունները ցույց են տվել՝ Սաֆարովը հոգեպես նորմալ վիճակում է և կարող է պատասխանատվություն կրել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Բուդապեշտում սպանված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով նոր բացահայտումներին, որոնց համաձայն Հունգարիան տարիներ առաջ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին 7մլն դոլարով վաճառել է Ադրբեջանին։
«Իհարկե, չի բացառվում, որ հունգարական MKB բանկում բացված հաշվին Ադրբեջանից 7 մլն ամերիկյան դոլարի փոխանցումը հենց կաշառքի նպատակով է եղել։ Սակայն հստակ չենք կարող պնդել, որ փոխանցված գումարները Սաֆարովի արտահանձնումը կազմակերպելու նպատակ են ունեցել։ Ամեն դեպքում, Ադրբեջանը երբեք ջանք չի խնայել՝ ամեն ինչ անել, որպեսզի Սաֆարովն արտահանձնվեր և հերոսացվեր»,- նշեց փաստաբանը։
Նազելի Վարդանյանի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանցակից է Գուրգեն Մարգարյանի սպանությանը, քանի որ արդարացրեց ոճրագործ Ռամիլ Սաֆարովին։
Փաստաբանը դժվարացավ նշել՝ իրավական ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիոն պատմությունն Ադրբեջանի համար և ինչպիսի դիրքորոշում կորդեգրեն միջազգային իրավական կազմակերպությունները պաշտոնական Բաքվի նկատմամբ։
«Սաֆարովի արտահանձնման պատմության մեջ հավասար մեղավորություն ունեն ինչպես ադրբեջանական, այնպես էլ հունգարական կառավարությունները։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի Սաֆարովն իր պատիժը կրի այլ երկրում՝ կամ Հունգարիայում կամ 3-րդ երկրում։ Իսկ ընդհանրապես, ոչ Ադրբեջանի իշխանությունները, ոչ էլ այդ երկրի նախագահը ամոթ չունեն և չեն հետևում միջազգային նորմերի պահանջներին»,- ամփոփեց Նազելի Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Հունգարական «Átlátszó» հետաքննական լրագրողական կազմակերպության կողմից կատարված բացահայտումները լույս են սփռել շուրջ հինգ տարի առաջ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների միջև կայացած գործարքի վրա, որի արդյունքում Բաքվին էր արտահանձնվել Հունգարիայում իր պատիժը կրող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:
Մասնավորապես, պարզ է դարձել, որ ճիշտ այդ գործարքի կայացման ժամանակահատվածում Ադրբեջանից 7 մլն ամերիկյան դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիան Սաֆարովին 7մլն դոլարով վաճառել է Ադրբեջանին. Նոր բացահայտումներ
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանից և Հունգարիայից Սաֆարովի գործով պարզաբանումներ է պահանջում
- Մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս Ռամիլ Սաֆարովին, ահաբեկչությունից խոսելու իրավունք չունի. Շարմազանով
- Ռամիլ Սաֆարովը հանցագործ է. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար
- ԵԽԽՎ-ն ընդունեց «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձև
- ԵԽԽՎ հանձնաժողովը Սաֆարովի արտահանձնումը դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել
- Հունգարիայի Օմբուդսմենն արտահերթ զեկույցում դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին