Վրաստանում վթարված ավտոբուսը Երևանում տուգանվել է
Վրաստանում այս գիշեր վթարված հայկական ավտոբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացրել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասյ մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Ավտոբուսը պատկանել է ֆիզիկական անձի՝ ոմն Գոռ Թադևոսյանի։ Այն Երևանից ուղևորափոխադրում էր իրականացնում դեպի ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք։
Օգոստոսի 18-ին՝ հերթական ուղևորափոխադրումն իրականացնելու օրը, ավտոբուս ուղևորներ նստեցնելու պահին, ընկերությունը տուգանվել է 450 հազար դրամով:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ «Արմենպրես»-ին հայտնել է, որ ըստ ՀՀ ԱԳՆ ունեցած տեղեկության` ավտոբուսի ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում: «Այս պահին ավելի ոչինչ չեմ կարող ասել: Երբ լինեն մանրամասներ, կհրապարակենք»,- նշել է Բալայանը:
ԱԻՆ-ից էլ մեզ հայտնեցին, որ առայժմ վթարի մանրամասներին չեն տիրապետում։ Նման դեպքերում, ըստ ԱԻՆ-ի, սովորաբար վրացական կողմը արագորեն տեղեկատվություն է տրամադրում հայկական կողմին, սակայն այս անգամ չի հաղորդվել։ Հայկական կողմն ինքն է տեղեկություններ ստանալու համար դիմել վրացական կողմին և առայժմ սպասում է դրանց ստացմանը։ Նախարարությունից խոստացան տեղեկատվություն ստանալուն պես հրապարակել այն։
Հիշեցնենք, որ Վրաստանում այս գիշեր բախվել են Mercedes մակնիշի մեքենան և Setra մակնիշի ավտոբուսը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը։