Շտապ միջոցներ խեցգետնի քանակի նվազման դեմ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ խեցգետնի ապօրինի որսին:
Վարչապետը նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների համաձայն ջրային ավազաններում՝ հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները: «Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ «Երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես՝ անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նաև հանձնարարեց ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվեց ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ, պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ:
«Ռեսուրսն իրականում նվազել է, չափաքանակները նույնպես և այդ ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է»,- նշեց Կարեն Կարապետյանը և դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ հանձնարարեց շատ շտապ միջոցներ ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան