Կառավարությունը հավանություն տվեց սահմանամերձ համայնքների աջակցությունը երկարաձգելու նախագծին
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործունեության ժամկետը, որը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին, երկարաձգվում է մինչ 2021 թվականը: 2014 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց նախկինում ընդունված օրենքում:
Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում:
Իրականացվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
Փոխհատուցվում է նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարները:
«Այս բոլոր արտոնությունները պահպանում ենք, որպեսզի հեշտացնենք մեր քաղաքացիների ապրելու հնարավորությունը սահմանամերձ համայնքներում»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Նա նաև նշեց, որ ծրագիրն ընդհանուր առմամբ գնահատվում է 1 միլիարդ դրամ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ սակագնային վերջին փոփոխություներից հետո, որոնք տեղի են ունեցել այս տարեսկզբին, սահմանամերձ համայնքների բնակիչների էլեկտրաէներգիայի և գազի սակագների 50 տոկոսի սուբսիդավորման բեռը դրվել է մատակարարող ընկերությունների վրա և պետական բյուջեից այդ հոդվածները հանվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում