Մեկնարկել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները
Մեկնարկել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել են հանձնարարականներ՝ ոլորտային, աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում եռամսյա ժամկետում իրականացնելու են թեմատիկ քննարկումներ այդ փաստաթղթի վերաբերյալ:
«Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթները իրականացնելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց նշված աշխատանքային խմբերը ձևավորել լավագույն մասնագետներից և ակտիվորեն ներգրավել «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքների մեջ՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ: