Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
Ռեժիսոր, 2003 թ-ից Կինեմատոգրաֆիստների միության անդամ Վահե Գևորգյանցը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու:
«Հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն: Անչափ սիրելով կինոն, արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու: Ունեմ միության բնականոն գործունեության և զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ, և վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված և միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը:
Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր և կայացած կինոգործիչներ են և արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Վստահեցնում եմ նաև, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատեգրաֆիստների միությունում ի շահ հայկական կինոյի և միության բոլոր անդամների»,- նշված է նրա հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը մահացել է այս տարվա հունիսի 23-ին: