«Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
««Զորաց քարեր» հուշարձանի տարածքում գտնվող անցքավոր քարերը սկզբնապես եղել են դամբարանի ծածկասալեր, որոնք երկրորդ անգամ օգտագործվել են պատը կառուցելու համար, անցքերը տեղափոխման համար են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
Նա նշեց, որ այդ քարերը մոտ 3-4 տոննա քաշ ունեն, կարող էին քաշել եզներով. «Անցքերի ներսի մասն ողորկ էին արել, որ շարժելիս չմաշվեին, չպոկվեին պարանները»:
Նշենք, որ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ արշավախումբն այս տարվա օգոստոսին պեղումներ է իրականացրել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում:
«Խնդիր կար հնագիտական, համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելիությունը, մշակութային փոփոխությունները, որոնք այստեղ տեղի են ունեցել, հիմնականում այն դամբարանում, որն առավել վիճահարույց է, երբեմն այն հորջորջվում է որպես աստղադիտարան»,- ասաց հնագետը:
Նրա խոսքով, գիտնական Պարիս Հերունին աշխատանք ու մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ: Հնագետն ասաց, որ անցքավոր քարերը ձգվում են ամբողջ հուշարձանի երկայնքով՝ հարավից հյուսիս, իսկ հուշարձանի հարավային մասում դամբարանադաշտն է, հյուսիսային՝ բնակավայրը:
«Անցքավոր քարերն առանձնացնում են բնակավայրն ու դամբարանադաշտն առավել մատչելի՝ արևելյան հատվածից, իսկ արևմյան հատվածում ձորն է»,- ասաց Ա. Փիլիպոսյանը՝ հավելելով, որ փորձել են բացել ուղղահայաց կանգնած և հարավից հյուսիս ձգվող քարերի այն հատվածը, որտեղ, կարծես թե, երևում է պատի հետքեր:
«1,5 մետր բարձրություն և 3 մետր հաստություն ունեցող պատը, որն ավարտվում է 1,5-2 մետր բարձրությամբ հսկայական քարաբեկորով, պատնեշ է դարձել արևելյան կողմից հարձակումների համար»,- ասաց հնագետը:
Ա. Փիլիպոսյանի խոսքով, սեղանին իրենք դնում են կոնկրետ փաստ, իսկ աստղադիտարանի ոչ խողովակն են գտել, ոչ գործիքները:
«Այդ քարերի վրայի անցքերը փորված են երկու կողմից: Ո՞ր կողմից են նայել աստղերին. եթե մի կողմից ենք նայում, այլ համաստեղություն ենք տեսնում, եթե հակառակ կողմից՝ բոլորովին այլ համաստեղություն: Հիմա որի մասին ենք մենք խոսում»,- նշեց նա:
Հնագետի խոսքով, Պարիս Հերունին նշում է, որ քարերը կամ աստղագիտական ուսումնասիրության գործիքները 7500 տարի առաջ են կառուցել:
«Երեք տարվա ընթացքում ուսումնասիրել ենք 8 հեկտար տարածք: Այն ամենն, ինչ ունենք ձեռքի տակ, ամենահին իրը մ.թ.ա. 20-19-րդ դարերի խեցու բեկորներ են, շուրջ 4000 տարեկան են, եթե հաշվում ենք մեր ժամանակվանից»,- ասաց Ա. Փիլիպոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
- «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան