«Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով կազմված արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, օգոստոսին պեղումներ է իրականացվել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում:
Լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Փիլիպոսյանն ասաց, որ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական աշխատանքները սկսվել էին 2014 թվականից, 2015-16 թթ. հիմնականում կատարվել է չափագրում, տեղազննություն, իսկ այս տարի արդեն պեղումներ՝ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ, ֆինանսավորմամբ:
«Միանշանակ խնդիր կար հնագիտական, համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելիությունը, գոյատևման ժամանակաշրջանը, մշակութային փոփոխությունները»,- նշեց հնագետը:
Ա. Փիլիպոսյանի խոսքով, պեղումների արդյունքում բացվել է բավականին հետաքրքիր կառույց՝ արևմտյան կողմից դեպի դամբարանախուց տանող ստորգետնյա ճանապարհով:
Դամբարանախուցն ունի 7 մետր երկարություն, 3 մետր լայնություն: Նա տեղեկացրեց, որ դամբարանախուցը պեղվել, մաքրվել է 2,5 մետրի չափով:
«Հայտնաբերված նյութը թույլ է տալիս ասել, որ այստեղ գոնե 4 տարբեր շրջափուլերում թաղման արարողություններ են իրականացվել: Ամենավաղ նյութը, որն ունենք ամենաստորին հատակից, մ.թ.ա 18-17-րդ դարերով է թվագրվում, բրոնզեդարյան գունազարդ խեցեղենի բեկորներն են: Ամենայն հավանականությամբ, երբ կառուցել են դամբարանը, միջին բրոնզեդարյան դամբարանն արդեն եղել է, այն հիմնահողային է, հարթեցնելով դրա վրա կառուցել են քարաշար դամբարանախուցը, որն այսօր ունենք»,- նշեց նա:
Թաղումները կատարվել են մ.թ.ա. 15-14-րդ դարերում, մ.թ.ա. 11-9-րդ դարերում:
«Հետաքրքիր է, որ այս դամբարանախցում ունենք մ.թ.ա 5-4-րդ դարերի, մ.թ.ա 1-ին դարի, հավանաբար, մանկան թաղման փաստ»,- ասաց Ա. Փիլիպոսյանը:
Նրա խոսքով, դամբարանը թալանված է, ծածկասալերից մի քանիսը կոտրված: Դամբարանից հայտնաբերվել է խեցեղենի բեկորներ, կենդանիների ոսկերներ: Թեև թալանված լինելուն՝ հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ մետաղական նյութ:
«Դամբարանում հայտնաբերվել է, իհարկե, խաթարված վիճակում, մարդկային մնացորդներ, գոնե 4 գանգի բեկորներ ունենք, որոնք հնամարդաբանները կուսումնասիրեն, կպարզվի, թե կոնկրետ ինչ սեռի, տարիքի անձանց հետ գործ ունենք»,- ասաց արշավախմբի ղեկավարը:
Նա նշեց, որ դամբարանը, հավանաբար, 12-13-րդ դարերում՝ սելջուկների կամ մոնղոլների արշավանքների ժամանակ, օգտագործվել է որպես թաքստոցներ շրջակա բնակավայրերի բնակիչների համար:
«Ինչն է նման ենթադրության հանգեցնում. նյութերի վերին շերտում 12-13-րդ դարերի խեցեղենի բեկորներ են հայտնաբերվել, Դվինին, Անիին բնորոշ ապակե ապարանջանների մասեր»,- նշեց հնագետը՝ ընդգծելով, որ գործ ունեն մի դամբարանի հետ, որը մ.թ.ա 18-րդ դարից մինչև մ.թ. 13-րդ դարն ընկած ժամանակաշրջանը՝ 2000 տարուց ավելի ներառող շրջան, հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում:
Հարակից հրապարակումներ`
- «Զորաց քարեր»-ում վերսկսվել են պեղումները
- «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հայտնաբերվել են նոր քարեր
- Համալրվել է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հավաքածուն
- «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան