Համագոծակցություն` ի նպաստ հեմոֆիլիայով հիվանդների բուժման
Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի Հումանիտար օգնության ծրագրերի տնօրեն, պրոֆեսոր Ասադ Հաֆարը, հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Վանեսա Հերիքը և ռազմավարության գծով տնօրեն Սառա Ֆորդը Հայաստան են ժամանել հեմոֆիլիայի ծառայության, Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության լավագույն օրինակն աշխարհին ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Նրանք ծանոթացել են ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնում ծավալվող գործունեությանը, հանդիպել առաջատար մասնագետների, հասարակական կազմակերպության անդամների հետ։
Այնուհետև ՀՀՖ-ի պատվիրակության անդամները հանդիպել են առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությանը, հումանիտար օգնությանը վերաբերող, ինչպես նաև հիվանդների բուժման բարելավմանն առընչվող հարցեր:
Նախարարը նշել է, որ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի Հումանիտար օգնության ծրագրերի կողմից ցուցաբերվող օժանդակությունը մեծ ներդրում է Հայաստանի առողջապահության համակարգում։ «Ձեզ հետ համագործակցության արդյունքում բարելավվել է հեմոֆիլիայով հիվանդների կյանքի որակը, ինչպես նաև տևողությունը»,-ասել է Լևոն Ալթունյանը։