ԱԻՆ-ը Բյուրականի հրդեհի համար մեղադրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին. «Առավոտ»
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ Բյուրականի անտառներում այրվում են հիմնականում խոտածածկ տարածքները։ Գաբրիելյանը վստահեցրել է՝ եթե Բյուրականի անտառի խոտածածկ տարածքներում խոտհունձ արված լիներ, ապա հրդեհը մեծ ծավալների չէր հասնի։
«Առավոտ»-ի հարցին՝ անտառներում խոտածածկ տարածքների հունձքը ո՞ր գերատեսչությունը պետք է անի, եթե այդ տարածքները գյուղացիների տնօրինման տակ չեն, Գաբրիելյանը պատասխանել է՝ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։ Նա նաև վստահեցրել է, որ «Հայանտառ» պետք է խոտը հնձի, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի։
«Հայանտառ»-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, թերթի հետ զրույցում, արձագանքելով մեղադրանքներին, նշել է. «Ես չգիտեմ՝ ով է ԱԻՆ-ի այդ պաշտոնյան, բայց ես հասկացա, որ հայտարարողը չի եղել այդտեղ, չի տեսել, որ այդտեղ հնձված տարածքներ կան։ ԱԻՆ-ի այլ աշխատակիցներ կարող են վստահեցնել, որ հնձել ենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։