ԵԽԽՎ-ն օր առաջ պետք է հեռացնի ադրբեջանական պատվիրակությանը. Նաիրա Զոհրաբյան
«Ադրբեջանական լվացքատան» սկանդալային բացահայտումից հետո այդ երկրի պատվիրակությունն անմիջապես պետք է վտարվեր ԵԽԽՎ-ից, բայց բոլորն էլ հասկանում են, որ տնտեսական շահերը շատ դեպքերում թույլ են տալիս աչք փակել խայտառակ գործարքների վրա։ Տնտեսական շահերը հսկայական ազդեցություն են ունենում քաղաքական անաչառ որոշումների կայացման վրա։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե ԵԽԽՎ-ն ցանկանում է իր դեմքից մաքրել կոռուպցիոն սկանդալի խարանը, անկասկած պետք է օր առաջ հեռացնի ադրբեջանական պատվիրակությանը։
«Հետևաբար, չպետք է մեծ խանդավառություն ունենալ առ այն, որ «Ադրբեջանական լվացքատան» սկանդալային գաղտնազերծումից հետո ԵԽԽՎ-ն հոկտեմբերյան նստաշրջանում կպահանջի ձայնից զրկել կամ վտարել ադրբեջանական պատվիրակությանը։ Ադրբեջանի կոռուպցիոն գործարքներին բոլորը շատ լավ տեղեկացված էին նաև մինչ այս պահը։
Հայկական պատվիրակությունը մշտապես հայտարարել է, որ շատ դժվար է որևէ նախագիծ առաջ մղել, այն դեպքում, երբ Ադրբեջանը հակընդդեմ կերպով բացում է իր քսակը։ Իհարկե, մենք կարծում էինք, որ «Ադրբեջանական լվացքատան» հաշիվներին եղած գումարներն ավելի փոքր են, սակայն հենց միջազգային հեղինակավոր մամուլը հրապարակեց գումարային ամբողջ փաստաթղթաշրջանառությունը»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, հատկանշական է հատկապես ԵԽ-ում ադրբեջանական պատվիրակության նախկին ղեկավարի հայտարարությունը, որի համաձայն միայն ԵԽԽՎ-ի վրա իր երկիրը տարեկան ծախսել է 30 միլիոն դոլար։
Պատգամավորն անթույլատրելի համարեց, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը կարող է պատճառաբանել իբր նրանով, որ նույն այդ պատժամիջոցները կարող են էլ ավելի խորացնել հարևան երկրում տիրող տոտալիտար բարքերը։
«Սա բացարձակ մերժելի ձևաչափ է, որովհետև որքան եվրոպացի գործիչները փորձեցին Ադրբեջանին «ներգրավել» ժողովրդավարական գործընթացների մեջ, այնքան այդ երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրներն ավելի ծայրահեղացան։ Ստրասբուրգում Ալիևն ըստ էության հայտարարեց, որ թքած ունի միջազգային հանրության տեսակետի վրա, որովհետև ամեն րոպե կարող է գնել այն։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ արդեն հոկտեմբերին հունգարական իշխանությունը պետք է պատասխան տա ՝ ինչպես եղավ, որ ոճրագործ Սաֆարովի արտահանձնումից ընդամնեը մեկ ամիս առաջ Ադրբեջանի փոխվարչապետի որդուն պատկանող կազմակերպության հաշվեհամարներից ավելի քան 7 մլն դոլար փոխանցվեց հունգարական տարբեր կազմակերպությունների հաշվեհամարների վրա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Խորհրդարանականը հատկանշական համարեց, որ Լիտվայի Սեյմն արդեն իսկ դիմել է ԵԽԽՎ անկախ հետաքննող մարմնին՝ իրեն տրամադրել լիտվացի այն բոլոր պատգամավորների անունները, ովքեր կարող են ներգրավված լինել «Ադրբեջանական լվացքատան» գործարքների մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիան Սաֆարովին 7մլն դոլարով վաճառել է Ադրբեջանին. Նոր բացահայտումներ
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան