Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները. Գլեբ Նիկիտին
«Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ-ի հետ գործող GSP+ համակարգը և այլն»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Կառավարության տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին և դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական:
«Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները և այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ: Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր ճյուղերում: Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի»,- ասել է Գլեբ Նիկիտինը՝ կարևորելով նաև արտահանման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է նաև հայ-ռուսական ներդրումային ֆոնդերի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունն ունի մի շարք ներդրումային հետաքրքիր ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև համատեղ ջանքերով: Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաև տրանսպորտի, ավիացիայի, դեղագործության, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և շեշտել ՏՏ բնագավառում հայկական ընկերությունների հաջողությունները:
«Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը»,- նշել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան