Հակառակորդը կրակել է Վազաշենի դպրոցի ուղղությամբ
Սեպտեմբերի 7-ին ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ։ Վազաշեն այցելած լրագրողների հետ զրույցում համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանն ասաց, որ թիրախը եղել է գյուղի դպրոցը։
Լրագրողներն այցելեցին դպրոց, զրուցեցին տնօրենի՝ Սարգիս Խաչատրյանի հետ։
Նա նշեց, որ երեկվա կրակոցներից հետո երեխաներն անմիջապես տեղափոխվել են ապաստարան, որտեղ մնացել են գրեթե մեկ ժամ։
«Երեխաների մեծ մասի համար այդ կրակոցները սովորական երևույթ են։ Իհարկե դա գալիս է նաև մեր հանգստությունից, տագնապի մեջ երբեք չենք ընկնում, չենք խառնվում, անմիջապես միջոցներ ենք ձեռնարկում։ Բայց երեխաներ կան, որոնք ցնցումների մեջ են ընկնում, ծնողներ էլ կան, որ վազելով հասնում են դպրոց, տեսնելու՝ երեխաներին բան չի՞ պատահել»,- ասաց տնօրենը։
Սարգիս Խաչատրյանը հավելեց նաև, որ վերջին շրջանում կրակոցներն ավելացել են և թիրախում հիմնականում դպրոցն ու նախակրթարանն են։ Նա նշեց, որ դպրոցն ունի մի քանի ապաստարան, վերջինը կառուցվել է փետրվարին՝ Կարմիր Խաչի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան