Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը
Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի «Gelincikler açarken" («Երբ բացվում են կակաչները») վեպի թուրքերեն տարբերակը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին կտրված է արտաքին աշխարհից:
Բայց Վանի ինքնապաշտպանության, քրդական խմբերի հարձակումների, տարբեր վայրերում հայերի կոտորածների մասին լուրերը անգամ այստեղ են սկսում հասնել: Անատոլիական սովորական մի գյուղի սովորական բնակիչների օրինակով հեղինակը ներկայացնում է այնքան սիրելի հայրենիքին, հողին ու ջրին հայերի հարկադիր հրաժեշտի պատմությունը: Սա նաև մի սիրո պատմություն է, որն ապացուցում է. սերը չի մեռնում անգամ այն դեպքում, երբ մեռնում են սիրահարները:
Հալեպում ծնված Մարալ Հարությունյան-Բոյաջյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: 2011 և 2014 թվականներին նա այցելել է Վան, Բիթլիս, Մուշ, Շենիկ և Սասուն՝ իր պապերի հայրենիքը, որտեղ նա նախկինում չէր եղել: Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը հրատարակվել է 2015թ. ԱՄՆ-ում: