Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում
ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս նպատակով ծախսվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և դրանց առավել արդյունավետ ծախսելու նպատակով բուժօգնության տրամադրումն կիրականացվի առողջության ապահովագրության միջոցով:
Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով գործընթացը հստակ կանոնակարգվել է։ Այն է` սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ապահովագրական պայմանագրի ձևը, բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման (կցագրման) և վերաբաշխման բազմագործոն համակարգը, որում ներառված են ինչպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման ցուցանիշները, այնպես էլ փաստացի մատուցված ծառայությունների որակական ցուցանիշները:
Արդյունքում` պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող շուրջ 100,0 հազար շահառուն ծրագրով նախատեսված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ կանխարգելիչ բժշկական քննությունը կանցնեն միայն անձը հաստատող փաստաթղթով դիմելով ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն:
Նոր իրավակարգավորման պայմաններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը կնպաստի ներդրվող կրկնակի վերահսկողությունը։ Նոր մեխանիզմով, բացի առողջապահության նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ: