«Ոսկե ծիրան»-ն ուղղակի հակադրված է մշակութային քաղաքականությանը. ռեժիսոր Էդգար Բաղդասարյան
«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը, որն արդեն 14 տարի Հայաստան է բերում համաշխարհային կինոյի հայտնի անուններ, ֆիլմեր, ինչ-որ առումով դարձել է նաև խորհրդանիշ, որով Հայաստանը ճանաչվել է ժամանակակից կինոյի աշխարհում:
Փառատոնի հիմնադիրը կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն է: Նախօրեն նա իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Արդյոք Հ. Խաչատրյանի՝ այդ պաշտոնից հեռանալը կազդի փառատոնի հեղինակության վրա, քանի որ շատերը հենց նրա անվան հետ էին կապում փառատոնը:
«Մտավախություն կա, որովհետև այնքան էր փառատոնը կապած Հարություն Խաչատրյանի հետ, սովոր էինք նրան տեսնել այդ փառատոնում: Մտավախություններ կան, որ կարող է հանկարծ ինչ-որ չափով փառատոնին վնասի, բայց Սուսաննա Հարությունյանը, ով նշանակվել է փառատոնի տնօրեն, նույնպես կանգնած է փառատոնի ակունքներում, առաջին օրվանից փառատոնի հետ է: Կարծում եմ՝ այդքան մեծ չէ վտանգը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, ում ֆիլմերը տարբեր տարիներին ընդգրկված են եղել փառատոնային ծրագրերում:
Միաժամանակ նա մեկ այլ մտավախություն հայտնեց. «Այսօր պետության վերաբերմունքը դեպի մշակույթ շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ միտք կա թողել լրիվ շուկայի քմահաճույքին, իսկ դա վերջն է, կարելի է գիծը քաշել ու գրել ֆինալ:
Փառատոնն ուղղակի հակադրված է մշակութային քաղաքականությանը: Մի բան է փորձում անել փառատոնը, մի բան է անում մշակութային քաղաքականությանը: Խնդիրը միայն պետության մեջ չէ, շուկայի այլանդակ դիմակն է, որն այսօր ունենք: Գնալ դրա քմահաճույքներով, նշանակում է՝ ընդհանրապես կործանել: Կրթել է պետք, համատարած տգիտություն է: Նման պարագայում երևի եզակի օղակը կինոյի ասպարեզում «Ոսկե ծիրան»-ն է»:
Ռեժիսորի խոսքով, փառատոնը գոնե ինչ-որ չափով պատրաստեց հանդիսատես, ինչը կարևոր է, պետք է շարունակի:
Հարցին, թե փառատոնի ծրագրերում, ձևաչափում որևէ փոփոխությո՞ւն պետք է կատարել, Բաղդասարյանն ասաց. «Փառատոնի ծրագիրն ավելի լավն է, քան Կաննինը: Կանն ընկնում է անունների հետևից, իսկ միշտ չէ, որ այդ անունները լավ ֆիլեր են անում: Այսինքն գնում է դեպի քաղաքականություն: «Ոսկե ծիրան»-ը դրանից ազատ է, բերում է լավագույնը, ինչ եղել է Բեռլինում, Կաննում, մնացած փառատոներում: Գուցե աշխատանք կա կատարելու այլ ուղղությամբ՝ մարկետինգի, մատուցման ձևի, PR կամպանիայի, իրազեկման»:
Նշենք, որ 2018-ը հոբելյանական է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համար. այն անցկացվելու է 15-րդ անգամ: Հուլիսի 8-15-ը Երևանը կրկին շնչելու և ապրելու է կինոարվեստով:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը. Հարություն Խաչատրյան
- Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին