Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը մասնակցում է «Չինական և Եվրոպական արվեստի Բիենալե»-ին
Պրահայի ցուցահանդեսների մեծ պալատում սեպտեմբերի 6-ին բացվել է առաջին «Չինական և Եվրոպական արվեստի Բիենալեն»- Պրահա 2017-ը, որին մասնակցում են 9 երկրների՝ Չինաստան, Չեխիա, Գերմանիա, Ավստրիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Հունաստան, 120 նկարիչներ և քանդակագործների իրենց 500 ստեղծագործություններով։
orer.eu-ի հաղորդմամբ, Չեխիայից ներկայացված են 10 նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ չեխահայ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի երեք կտավները։ Չինական կողմն ընտրությունը կատարել էր համացանցային ընտրությամբ և ընտրել է Պրահայի նկարիչների միության կայքէջում տեղակայված նկարներից՝ նախապատվությունը տալով 10 նկարչի։
«Շատ ուրախ եմ, որ ընտրել են նաև ինձ, և պատիվ ունեմ ներկայանալու առաջին մեծ Չին-եվրոպական բիենաելում»,- ասել է գեղանկարիչ Հովիկ Մուրադյանը։
Բիենալեի նպատակն է արվեստի միջոցով ցույց տալ այսօրվա չինական մշակույթը, նաև տարբեր աշխարհագրական տարածքներում գտնվող նկարիչների կյանքն ու գործը։ Առանձին տաղավարներում ներկայացված են ժամանակակից չինական գյուղի ավանդույթները։
Բիենալեի երեք հիմնական թեմաներն են՝ Աշխարհագրական կապեր և մշակութային հիշողություն, Առօրյա կյանքի արվեստը, և Ժողովրդական արվեստի պատմությունն ու ներկան։
Բիենալեն կգործի մինչև սեպտեմբերի 10-ը։
Բիենալեի կազմակերպիչներն են Չեխիայում Չինաստանի դեսպանությունը, չեխական INTERCHARM production ընկերությունը համագործակցությամբ Պեկինի Hainazhidian Culture & Arts Exchange ընկերության։ Կազմակերպչական աշխատանքները տարել է Մշակույթի և արվեստի փոխանակման չին-եվրոպական ընկերությունը(CECAEA), որը գրանցված է Պրահայում։