Ըստ եվրոպացի դիվանագետների՝ Ռուսաստանը Թուրքիային չի վաճառի S-400 ՀՕՊ համակարգեր
Ռուսաստանը դժվար թե ռիսկի դիմի և S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի Թուրքիային: Ըստ «Էրմենիհաբեր» լրատվամիջոցի՝ այդ մասին թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում:
Խոսելով ռուսական համակարգերի վաճառքի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին, եվրոպացի պաշտոնյան մասնավորապես ասել է. «Պայմանագիրը կարող է ստորագրվել, սակայն այդ հրթիռները Թուրքիայում տեղակայելու մասին որևէ խոսք չկա: Ապա մի մտածեք, եթե Էրդողանը 2019թ. չվերընտրվի իր պաշտոնում, նրան փոխարինող անձը ըստ էության այդ համակարգերը տալու է ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը նման ռիսկի չի դիմի»:
Թուրքական թերթի հետ զրուցած մեկ այլ դիվանագետի կարծիքով էլ Թուրքիան, բանակցություններ վարելով ռուսական կողմի հետ այդ ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցում, իրականում նպատակ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում անկայունություն առաջացնել:
«Ռուսաստանի կողմից S-400-ների վաճառքը Թուրքիային ես հավանական չեմ համարում»,-ասել է մեկ այլ դիվանագետ:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Ռուս պաշտոնյան միաժամանակ հավելել էր, որ պայմանագիրը առայժմ ուժի մեջ չի մտել, քանի, որ դեռևս առկա են որոշ տեխնիկական հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին