Առայժմ պատշաճ չէ հայտարարել՝ հետագայում ինչով կզբաղվի Արայիկ Հարությունյանը. Բեգլարյան
Առայժմ պատշաճ չէ հայտարարել՝ հետագայում ինչով կզբաղվի Արցախի արդեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերջինիս խոսնակ Արտակ Բեգլարյանը։
«Նոր կառավարության կազմը պետք որոշվի առաջիկա քննարկումների ժամանակ։ Քննարկումներն ընթացքի մեջ են և Սահմանադրությամբ նախատեսված ժամանակահատվածում կորոշվի բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի հետագա աշխատանքային գործունեությունը։ Ամեն դեպքում, նախկին վարչապետը շարունակելու է ծառայել հայրենիքին և ժողովրդին։ Իսկ թե ինչ ձևաչափով, կհայտարարենք հետագայում»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ իր երդմնակալությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է կառավարության հրաժարականը և պետք է նոր կառավարություն ձևավորի: Կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԼՂՀ այլևս նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կնշանակվի պետնախարար, որն իր կարգավիճակով հավասար է փոխվարչապետի պաշտոնին: