1.5 միլիոն դոլարի նախագիծ ԱՄՆ Կոնգրեսում՝ Արցախի համար
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, համաձայն որի «HALO TRUST» կազմակերպությունը աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի գյուղերի և հողատարածքների ականազերծման համար։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը։
Նախագծի համաձայն ԱՄՆ-ը 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։
ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը, հավանաբար, Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ օրը։
«Ցավալի իրականություն է, որ Լեռնային Ղարաբաղում ընտանիքները ամեն օր ապրում են ականազերծման պատահարների իրական սպառնալիքի տակ։ Հուսով եմ, որ մինչև 2020թ-ը ականազերծման աշխատանքները կավարտվեն, և ժողովուրդն առանց վախի կապրի», - նշել է Դեյվիդ Վալադաոն:
Հանրապետական Սփեյերն իր հերթին նշել է, որ նման համեստ գումարը ճակատագրական նշանակություն կունենա Արցախի բնակչության թե ֆիզիկական, և թե մտավոր առողջության համար։
«Դա նաև ցույց է տալիս մեր կառավարության՝ Արցախի համար խաղաղություն և բարգավաճում ապահովելու, ամուր և անբաժան պարտավորությունը»,-հավելել է վերջինս։
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ողջունել է նման կարևոր որոշումը։