ՏՏ ոլորտում հայ հասարակության գիտելիքների մակարդակը շատ ցածր է. Սամվել Մարտիրոսյան
Սեպտեմբերի 8-ին նշվում է Գրագիտության միջազգային օրը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1966 թվականից հռչակված տոնն այս տարի կրում է «Գրագիտությունը՝ թվային աշխարհում» խորագիրը։ Թե 21-րդ դարում որքան գրագետ է հայ հասարակությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։
«Կարծում եմ՝ ՏՏ ոլորտում հայ հասարակության գիտելիքների մակարդակը շատ ցածր է։ Դպրոցական ծրագրերն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, դրանք շատ հնացած են։ Բացի այդ՝ լուրջ խնդիր է նաև ՏՏ ոլորտներում մեծահասակների գրագիտության հարցը։ Կարծում եմ՝ պետք է ազգային ծրագրեր իրականացնել՝ տարեց մարդկանց նորագույն տեխնոլոգիաներին գոնե նվազագույն չափով ծանոթացնելու համար։ Մասնավոր ուսումնական կենտրոնները գնային քաղաքականության առումով շատ դեպքերում ուղղղակի մատչելի չեն»,- ասաց նա։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ՏՏ տեխնոլոգիաներին տիրապետելու, ինչպես նաև պետություն-քաղաքացի կապը պահելու տեսանկյունից կարևոր է նաև էլեկտրոնային կառավարումը։ Խոսքն, այդ թվում, սուպերմարկետներից օնլայն գնումներ կատարելու հմտություններին տիրապետելու մասին է։
ՏՏ ոլորտի փորձագետն ընդգծեց, որ թվային աշխարհի գիտելիքներին տիրապետելու առումով վրացական հասարակությունը զգալի առաջ է հայաստանյանից, իսկ ահա Ադրբեջանում պատկերը գրեթե այնպիսին է, ինչպես Հայաստանում՝ դեռ մի փոքր էլ վատ։
«Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տեղեկատվական տեխնոլոգիաներին առավել լավ տիրապետում են երիտասարդները, և դա տրամաբանական է։ Որքան երիտասարդ, այնքան առաջադեմ և ընդունակ նորն ընկալելու»,- փաստեց Սամվել Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան