Մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք. վարչապետ
«Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը», - այս մասին ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է և նոր տարրեր է ներառելու:
«Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն», - նշել է դեսպանը:
Վարչապետն իր հերթին նկատել է, որ ԵՄ-ի կողմից համագործակցությունն ու աջակցությունը բարեփոխումների ծրագրին՝ հետևողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում:
«Գնահատելի է, որ ձեր փորձագետները վերլուծել են կառավարության ծրագիրը և համակարծիք են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք ու գիտենք նաև մեր խնդիրներն ու թերությունները», - ընդգծել է վարչապետը:
Կողմերն արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի և Միասնական աջակցության շրջանակի վերաբերյալ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, և իրենց պատկերացումներն ու մոտեցումները համընկնում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին