Անտոնիո Բանդերասը «Հանճար» սերիալում մարմնավորելու է Պիկասոյին
National Geographic հեռուստաալիքի «Հանճար» սերիալ-անթոլոգիայի երկրորդ սեզոնի գլխավոր հերոս իսպանացի լեգենդար նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) դերը խաղալու է մեկ այլ հայտնի իսպանացի՝ Անտոնիո Բանդերասը:
Նյուզու.քոմ կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ գեղարվեստական սերիալի ամբողջ եթերաշրջանը նվիրված է լինելու 20-րդ դարի ամենահայտնի հանճարներից Պիկասոյի անհատականությանն ու մասնագիտական հագեցած կյանքին: National Geographic-ի փոխնախագահի կարծիքով, Բանդերասնը կատարյալ համապատասխանում է կրքոտ և խարիզմատիկ Պիկասոյի կերպարին:
«Անտոնիոն միակ ընտրություններ էր»,- ասել է պրոդյուսերը:
Նկարահանումները սկսվելու են այս տարեվերջին, պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի:
Բանդերասը և Պիկասոն իսպանական նույն քաղաքի՝ Մալագա, ծնունդ են:
«Պաբլո Պիկասոյի կյանքի պատմությունն ինձ արդեն վաղուց գրավել է, և ես հպարտանում եմ այդ մարդով»,- ասել է դերասանը:
Սերիալի ստեղծողներն ընտրել են իսպանացի արվեստագետին՝ գնահատելով նրա խորն ազդեցությունը 20-րդ դարի արվեստի վրա: Նկարչի կյանքում շատ են եղել դրամատիկ շրջադարձերը, այն անցել է երկու համաշխարհային և Իսպանիայում քաղաքացիական պատերազմին ֆոնին: Բացի այդ, այս հանճարի կենսագրությունը հատվել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Կոկո Շանելը, Անրի Մատիսը, Մարկ Շագալը, Հերտրուդա Ստայնը, Ժան Կոկտոն, Ժորժ Բրակը, Սալվադոր Դալին:
Կուբիզմի հիմնադիր Պիկասոն իր ստեղծագործական երկար կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 20 հազար աշխատանք: Փորձագետների տվյալներով, Պիկասոն ամենաթանկ նկարիչն է աշխարհում, ում աշխատանքները վաճառվում են հարյուր միլիոնավոր դոլարներով:
«Հանճար» սերիալը նվիրված է ամենախելացի մարդկանց, ովքեր փոխել են աշխարհը: Սերիալի առաջին եթերաշրջանը նվիրված էր հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի կյանքին: