Գայանե Ներսիսյան. Հիմա մեզ լուրջ խնդիր է սպասվում
Իտալիայի Պեզարո քաղաքում վերջերս անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 35-րդ առաջնությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Յասմինա Աղագուլյանը և Էլլա Աստվածատրյանը:
Երկուսն էլ ծնվել են 2001 թվականին և այս տարի առաջին անգամ են իրավունք ստացել հանդես գալու մեծահասակների աշխարհի առաջնությունում: Նրանք ապրում և մարզվում են Ռուսաստանի Դաշնությունում: Էլլան՝ Մոսկվայում, իսկ Յասմինան՝ Նիժնի Նովգորոդում, մարզիչ Նատալյա Տիշինայի մոտ, որը մի քանի օլիմպիական չեմպիոնուհիներ է դաստիարակել:
«Աղջիկների ելույթներից շատ գոհ եմ: Օղակով մրցաձևի առաջին վարժությունում Յասմինան 15.05 միավոր ստացավ, բայց մրցավարները սառնասրտորեն հանեցին 0.6 միավորը արտիստիզմի համար: Դա «վերևների» կարգադրությամբ է արվել, ինչ-որ մեկը վատ է զգացել մեր նվաճումից: Արդյունքում Աղագուլյանը զբաղեցրեց 21-րդ տեղը, իսկ կարող էր 14-րդը լինել, ինչն աղմկահարույց արդյունք կլիներ, հաշվի առնելով մրցակցության մակարդակը: Ընդհանուր հաշվարկով Յասմինան դարձավ 36-րդը: Աստվածատրյանը ելույթ ունեցավ ավելի համեստ, բայց հնարավորությունների սահմաններում»,-ասել է նա:
Այս տարի Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Աղագուլյանը չորս մրցաձևերի հաշվարկով զբաղեցրել է 23-րդ տեղը: Լավագույն 24 մարզուհիների ցանկում հայտնվելը թույլ կտա Յասմինային հաջորդ տարի արդեն վարկանիշով հանդես գալ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
«Հիմա մեզ լուրջ խնդիր է սպասվում: Այս տարի Բաքվի համաժողովում կկայանան Եվրոպական մարմնամարզության միության ղեկավարի ընտրությունները: Մեծ հավանականությամբ ադրբեջանցի կընտրվի: Դա ոչ մի լավ բան չի խոստանում մեզ: Պեսկարոյում դա արդեն զգացել ենք: 2019 թվականի աշխարհի առաջնությունը, որը նաև 2020 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, կանցկացվի Բաքվում:
Մենք միջազգային մակարդակով բարձրացրել ենք այդ հարցը, խոստացել են ապահովել մեր անվտանգությունը, բայց որքանո՞վ է դա իրական: Անգամ եթե մեկնենք, կարելի է պատկերացնել, թե ինչ կանեն մրցավարները»,-ասել է մարզիչը:
Նա խոսել է նաև մարզվելու պայմանների մասին:
«Ամենակարևոր խնդիրը կապված է մարզադահլիճի հետ: Այն բանից հետո, ինչ մեզ հանեցին հավաքական թիմերի հանրապետական կենտրոնից, հիմա ստիպված վարձակալում ենք խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատը: Այստեղ առաստաղները համապատասխան բարձրություն ունեն»,-ասել է նա: