Հայ-բրազիլական տնտեսական կապերը փոքր-ինչ սահմանափակ են
«Երևանում և աշխարհի մյուս մայրաքաղաքներում մենք նշում ենք այդ տոնը։ Հայաստանում, որպես այդպիսին, բրազիլացիները շատ չեն, բրազիլական համայնք չկա։ Այստեղ մոտ 10 բրազիլացի է բնակվում»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյը՝ միաժամանակ հավելելով, որ փոխարենը Բրազիլիայում հայկական մեծ սփյուռք կա, ինչի համար իրենք շատ հպարտ են:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս տարի Բրազիլիան նշում է անկախության 195-ամյակը։
«Անկախության տոնակատարությանը մեր հայրենակիցներին և ընկերներին ենք հրավիրում, քաղաքական գործիչների՝ կառավարությունից, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների»,- նշեց դիվանագետը։
Անդրադառնալով հայ-բրազիլական հարաբերություններին՝ Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյը ափսոսանքով նկատեց, որ երկկողմ տնտեսական կապերը փոքր-ինչ սահմանափակ են։ Պատճառն այն է, որ կողմերից և ոչ մեկը լուրջ ներդրումներ երբևէ չի կատարել։
«Օրինակ Բրազիլիան Հայաստանում բավականին մեծ ներդրումներ կարող է կատարել գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում։ Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դեպի Հայաստան Բրազիլիայի արտահանումները ինչ-որ պահի բավական աճ են գրանցել։ 2014 թվականին դրանք հասել են 39 միլիոն դոլարի։ Դա եղել է մինչ այժմ գրանցված ամենաբարձր ցուցանիշը»,- նշեց բրազիլացի դիվանագետը։