«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը կմասնակցի Իսրայելում անցկացվող «Աբու Գոշ» երգչախմբային փառատոնին
25 տարվա կենսագրություն և միջազգային երաժշտական շրջանակներում մեծ համբավ ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել ավելի քան 146 երկրներում։ Ամենուր լավագույն կերպով ներկայացրել է հայ երգչախմբային երաժշտությունն օտար հանդիսատեսին։
Վերջերս, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հրավեր է ստացել Իսրայելի երգչախմբային ասոցիացիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից՝ համերգներով հանդես գալու Իսրայելի 7 քաղաքներում՝ Ռեհովոտ, Երուսաղեմ, Ակկո, Նազարեթ, Էմեկ-Հեֆեր, Ջաֆա, Պետախ Տիկվա, ինչպես նաև մասնակցելու հանրահայտ «Աբու Գոշ» երգչախմբային փառատոնին:
«Աբու-Գոշ»-ն Իսրայելում անցկացվող՝ վոկալ-երգչախմբային երաժշտության ամենահեղինակավոր և հայտնի փառատոնն է: Փառատոնը մեկնարկել է 1992 թվականից և տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ ՝ երեքից հինգ օր տևողությամբ:
Փառատոնի համերգներն անցկացվում են երկու եկեղեցիներում՝ Խաչակիր-Բենեդիկտին (12-րդ դար) և Կիրյաթ Եարիամի եկեղեցիներում:
Համերգային շրջագայությունը նվիրված է հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համերգային շրջագայությունը կրում է «Խաղաղություն մոլորակին» կարգախոսը: Այս անգամ ևս երգչախումբը ուզում է երաժշտության միջոցով հղել խաղաղության և սիրո կոչն աշխարհին: Համերգային շրջագայության նպատակն է տարածել սեր և փոխըմբռնում տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող մարդկանց, ազգերի և ժողովուրդների միջև։
««Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը կներկայացնի վաղ դարաշրջանի և միջնադարի, դասական և ժամանակակից հեղինակների՝ Մաշտոցի, Խորենացու, Կոմիտասի, Ուիլյամ Բըրդի, Ջիովանի Պերգոլեզիի, Ջուզեպպե Վերդիի, Կլոդ Դեբյուսիի, Ռոբերտ Շումանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ստեփան Շաքարյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Դավիթ Հալաջյանի, Դեյվիդ Մըկինթայըրի, Սերգեյ Պլեշակի, Շալոմ Սեկոնդայի, Յոնի Ռեխթերի, ինչպես նաև Ռիչարդ Ռոջերսի, Ջո Գարլընդի, Իռվինգ Բեռլինի հոգևոր, դասական, ջազային ստեղծագործությունները և ժողովրդական երգերի մշակումներ,- Panorama.am-ին տեղեկացանք երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանից:
Ակկո քաղաքում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը միացյալ համերգով հանդես կգա տեղի կոնսերվատորիայի հայտնի երգչախմբի հետ, իսկ Էմեկ-Հեֆեր քաղաքում՝ միջազգային ճանաչում ունեցող «Էֆրոնի» աղջիկների երգչախմբի հետ: Երգչախմբերը միասին կկատարեն մեկ հրեական գործ և Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան», Ռոբերտ Պետրոսյանի «Քոչարի» ստեղծագործությունները։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ն աշխարհով մեկ տարածելու են ճապոնական երգերը
- «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ը ելույթ են ունեցել եվրոպական 9 քաղաքներում
- Երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել. Մարտին Օրսենըզը՝ «Հայաստանի փոքրիկ Երգիչների» մասին
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը ելույթ են ունենում եվրոպական երկրներում
- «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ի ելույթը հուզել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի ընտանիքին
- «Հայաստանի փոքրիկ երգիչներին» Ճապոնիայում մեծ ջերմությամբ են վերաբերվել