«Ո՞րն է երաշխիքը, որ այս համաձայնագիրը կիրականացվի». Փաշինյան
ԱԺ այսօրվա քննարկման օրակարգում է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի դեկտեմբերի 21-ին Երևանում. «Համաձայնագրի հիմնական նպատակն է երկու երկրների միջև առևտրի փոխադարձ դյուրացումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումը»:
Նրա խոսքով՝ այս համաձայնագրի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջանալու նաև ընդունել համապատասխան պայմանագրեր՝ կապված ուղևորների և ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային փոխանակման հետ, ինչպես նաև սահմանային դարպասի հիմնադրման ու օգտագործամն պայմանների հետ:
«Կարծում եմ՝ այս համատեղ համաձայնագրի վավերացումը էական դրական դեր է խաղալու երկու երկրների միջև առևտրի դյուրացման, պարզեցման համար, իսկ համատեղ դարպասը ծառայելու է հետագա արտահանման շուկաներ՝ առևտրաշարժը խթանելու և աշխուժացնելու համար»,-նշեց ՊԵԿ փոխնախագահը:
Միրումյանին հարց ուղղեց ԵԼՔ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Կարևոր է համագործակցությունը, բայց կուզեի տեղեկատվություն տայիք, թե ինչ վիճակում է Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը»:
Փաշինյանի խոսքով՝ հարցը խնդրի հետ առնչություն ունի այնքանով, որ Հայաստան-Իրանի հարթության վրա արդեն բազմաթիվ տնտեսական լուրջ ծրագրեր ձախողել են. «Ո՞րն է երաշխիքը, որ այս համաձայնագիրը կիրականացվի»:
Միրումյանը պատասխանեց, որ տեղեկատվություն այս պահին չունի, բայց պատրաստ է ճշտել և տրամադրել:
«Այս համաձայնագրի կյանքի կոչելու հետ կապված նշվեց, որ և մենք, և ԻԻՀ մեր գործընկերները վճռական ենք տրամադրված և կան արդեն պայմանավորվածություններ: Կարող ենք նշել, որ գործողությունների ծրագիրն արդեն սկսվել է»,- ասաց նա:
Արձագանքելով ՊԵԿ փոխնախագահին, Փաշինյանն ասաց. «Ցավոք, դուք միակը չեք, որ տեղեկություն չունեք ՀԷԿ-ի շինարարությունից, դրա մասին ոչ մեկ չունի բնության մեջ»:
Օրենքի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ Փաշինյանը նշեց, որ քննարկվող հարցը իհարկե շատ դրական է, և բնականաբար, իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին. «Բայց ուզում եմ վերհիշենք, թե վերջին տարիներին ինչպիսի մեգանախագծեր ենք քննարկել Իրանի հետ կապված, և արձանագրենք, որ բոլոր այդ նախագծերը ձախողված են»:
Նրա խոսքով՝ հիմա արդեն ոչ ոք չի խոսում Իրան-Հայաստան երկաթուղու մասին, չեն խոսում նավթի վերամշակման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին. «Հիմա խոսքում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, բայց նախկինում ունեցած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի երկու ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը լուսամուտ, լուսամուտը ֆոռտչկա, և այդպես կփակվի»։