Հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի միջուկային չափումը
Վերջերս ադրբեջանական մամուլում կրկին շրջանառվեց այն թեզը, որ իբր Հայաստանն ատոմային զենք ունի` ավելի հավանական է «կեղտոտ ռումբերի» տեսքով: Պնդմանը հավաստիացում տալու համար կրկին հղում է արվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Այս անհեթեթ թվացող լուրը հաճախ շրջանառվում է հյուսիսկորեական միջուկային ճգնաժամի ինչ-որ տարրերի հետ համեմված: Երբեմն նշվում են նաև Մեծամորի ատոմակայանի գործարկման բնապահպանական վտանգավորության մասին, ԼՂ հարակից տարածքներում միջուկային թափոնների պահելու, «Իսկանդերների»՝ միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորության մասին և այլն:
Հայաստանի դեմ իրականացվող «ատոմային» հակաքարոզն հասնում է նաև դիվանագիտական հարթակ, երբ տարբեր միջազգային կազմակերպություններում ադրբեջանական պատվիրակները բարձրացնում են նշված հարցերը:
Ադրբեջանական կողմի նպատակը մեկն է` Հայաստանին ասոցացանել պրոբլեմի հետ և ապահովել լրացուցիչ ճնշում: Իսկ ո՞րն է հայկական կողմի նպատակը, երբ շրջանառվում է միջուկային զենք ունենալու կամ այն ստեղծելու կարողություններ ունենալու մասին լուրեր: Պատշաճ կերպով ատոմ ճեղքելու համար մեծ գիտական ու տեխնիկական ներուժ է հարկավոր, և երբ խոսվում է Հայաստանի նման հնարավորության մասին, թերևս նման ուռճացված ինքնագնահատականը հպարտության լրացուցիչ լիցքեր է տալիս:
Մյուս կողմից էլ, նման խոսակցությունները կարող են զսպիչ հոգեբանական դերակատարություն ունենալ հայ-ադրբեջական զենքի մրցավազքում: Կարող են և հակառակ արձագանք ստանալ, երբ Ադրբեջանը հակակշիռ ունենալու համար կսկսի համապատասխան քայլեր ձեռնարկել` հղում անելով իր լեգիտիմ մտահոգություններին, որ հակառակորդ երկիրը ցանկություն ունի միջուկային զենք ունենալ:
Նման դեպքում «անվտանգության դիլեման» իսկապես պարուրաձև զարգացում կունենա: Երկրի անվտանգության բարձրացմանն ուղղված քայլը բերում է հակառակորդի հակաքայլին, ինչն ավելի է պակասեցնում անվտանգությունը և արվում է մյուս քայլն ու հակաքայլը, և այդպես շարունակ:
Պրագմատիկ տեսակետից նման քննարկումները որևէ ռեալ օգուտներ չեն բերում, բացի միջազգային հարթակներում, լայն հանրությանը և գործընկերներին լրացուցիչ բացատրություններ տալու հոգսից: Դրանք կարող են անուղղակի որոշակի ազդեցություն ունենալ նաև Մեծամորի ատոմակայանի կամ դրա հնարավոր փոխարինորդի հետագա սահուն շահագործման վրա:
Ուստի լինելով խաղաղ ատոմի կողմնակից, պետք է մշտապես հեռու մնալ միջուկային զենքի ձեռքբերման խոսակցություններից: Հատկապես, որ ատոմ բառի հայերեն համարժեքը` հյուլե, մի տեսակ «աղքատիկ» է հնչում: