2018 թվականին օրը կգա, բարին հետը. Շարմազանով
«Մենք տեսնում ենք այն դրական միտումները, որոնք Կարապետյանի կառավարությունն իրականացնում է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչպես կգնահատի Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին:
«Կարևորագույն իրադարձությունների մասին խոսում ենք կարևորագույն փաստաթղթեր ընդունելու ժամանակ, այսինքն ոտքի վրա գնահատական տալ կառավարության, վարչապետի գործունեությանը մեծ ցանկության դեպքում էլ չի ստացվի: Մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ենք ընդունել կառավարության ծրագիրը, կարծում եմ այն դրական միտումներ ապահովում է և կարող եմ ասել, որ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է, որի ղեկավարը հանրապետության նախագահն է: Մենք բոլորս միասին լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որոնք միասին ընդունել ենք այս դահլիճում»,-ասաց Շարմազանովը:
Հարցին, թե որոնք են այդ դրական միտումները, որոնք եղել են Կարապետյանի օրոք, նա պատասխանեց. «Արտահանման շեշտակի աճ, տուրիզմի աճ, տնտեսական աճ ՝ 6 տոկոսով»:
Իսկ թե ո՞վ է լինելու վարչապետի իրենց թեկնածուն, հարցին պատասխանեց. «2018 թվականին օրը կգա, բարին հետը, կքննարկենք»: