«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է. Շարմազանով
«Վերջին կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը, այդ երկրի նախագահի գլխավորությամբ ջղաձգումների մեջ են և փորձում են նոր հարթակներ գտնել իրենց սուտը տարածելու համար»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Իսլամական համագործակցության կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պատմական Ադրբեջանի տարածք է:
Նրա խոսքով՝ պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ. «Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: Համեմատության համար ասեմ, որ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է»:
Ինչ վերաբերում է Ալիևի՝ Հայաստանին իսլամաֆոբիայի մեջ մեղադրող հայտարարությանը, ԱԺ փոխնախագահն ասաց, որ ցանկացած ժողովրդավարական երկիր այդ առումով կարող է վերցնել Հայաստանի ստացված փորձը:
«Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, իսկ Հայաստանը նոր Սահմանադրությամբ ընդամենը 2500-անոց քրդական համայնքին տվել է հնարավորություն Ազգային ժողովում պատգամավոր ունենալ: Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր ազգային փոքրամասնություններին: Սրանք հերթական ծիծաղելի և զավեշտալի հայտարարություններն են, որոնք բխում են նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնել է ֆորս մաժորի առջև: Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ադրբեջանն աջակցել է ահաբեկչությանը, նաև արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ փաստեր են ներկայացրել Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել սլաքները, սակայն դա չի ստացվում»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, իբր հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները, Շարմազանովն ընդգծեց, որ Երևանի կենտրոնում է Կապույտ մզկիթը, որը Երևանի խորհրդանիշերից մեկն է. «Հուշարձանների ոչնչացման մասին խոսելուց առաջ լավ կլիներ մեղր ուտել և հիշել, Նախիջևանում նրանք ոչնչացրել են տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան