Զոհրաբյան. Ինչպես միշտ մենք առաջնորդվում ենք «կոճակն ունենք, մնաց վերարկուն» կարգախոսով
«Դուք տեսե՞լ եք, վստահաբար տեղյա՞կ եք, թե մեր շտապօգնության շարքային մեքենաները ունեն անալգին, դիմեդրոլ լավագույն դեպքում։ Յոդ, բինտ չունեն, ասում են՝ գնացեք բինտը դուք բերեք»,- այս մասին ԱԺ-ում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Պալիատիվ՝ այսինքն անհետաձգելի բուժօգնություն տեղում, գաղափարը լավն է, բայց ինչպես միշտ մենք առաջնորդվում ենք «կոճակն ունենք, մնաց վերարկուն» կարգախոսով։ Նախ պետք է շտապօգնության անհետաձգելի դեպքերի համար կանչվող անձնակազմին ապահովենք մնացած դեղորայքերով, անհետաձգելի պայմաններում մարդուն կյանքին վերադարձնելու համար, որովհետև ամեն մեկը չի, որ կարող է մեկ կանչ համար վճարել այն մասնավոր կլինիկաներին, որոնք ունեն նվազագույն պայմաններ»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը հարց բարձրացրեց նաև քրեակատարողական հիմնարկների բուժկետերի հետ կապված. «Դուք նայե՞լ եք ՔԿՀ-ների բուժկետերում, որոնք անդրջրհեղեղյան հաստատություններ են, եղած սարքավորումները, դրանք 1950-ականների, Էյզենշտեյնի ֆիլմերի ժամանակի սարքավորումներ են: Սկսենք դրանից, շտապօգնությունները ապահովենք անհրաժեշտ դեղամիջոցներով, նոր մտածենք մնացած խնդիրներին։ Իհարկե լավ նախագիծ է, իհարկե կողմ ենք քվերակելու, բայց դրանից էքստրեմալ կանչ ստացող չի ստանալու իրեն անհրաժեշտ բուժօգնությունը»։
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Չեմ կարծում, որ պատկերն այդքան ծանր է, որքան նկարագրվում է: Մեր ցանկերը բավականաչափ ընդարձակ են, դրանք կարող է կատարելագործման կարիք ունեն, բայց գոնե վերջին տարիներին բավական ընդարձակ են այս ցանկերը: Պալիատիվ օգնությունն այն օգնությունն է, որը տեղի է ունենալու տան պայմաններում, այն հիվանդներին, որոնք, ցավոք, այլ ծառայություններից օգտվել չեն կարող: Այստեղ ևս սահմանել ենք ցանկեր, որ պատշաճ օգնություն ցուցաբերվի: Ձեր ասածն ընդունում ենք, կտեսնենք ինչն է պակաս և ձեզ կտեղեկացնեն»: