«Իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ՝ ինչ եմ մտածում միությունների մասին». Ն. Սարգսյան
Ազգային ժողովն այսօր քննարկման է դրել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ճարտարապետների միության բազայի հիման վրա կձևավորվի ոլորտի գործունեությունը կարգավորող նոր մարմին` Ճարտարապետների պալատ։
Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր զարգացած երկրներում կան ճարտարապետության ոլորտում գործունեությունը կարգավորող մարմիններ, որտեղ մասնագետները որակավորում են տրամադրում իրենց գործընկերներին:
«Այսպիսով, կարող ենք ասել, որ որակավորում տրամադրող մասնագետները պետության անունից պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս գործընթացներում լիցենզավորման սկզբունքը իրեն չի արդարացնում: Ուստի` հիմա անձնական պատասխանատվության են ենթարկվում ճարտարապետները, նրանք ստանում են որակավորում և շինարարության ողջ պրոցեսի համար ստանձնում են պատասխանատվություն»,- ասաց նա։
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ օրենքի ընդունման անհրաժեշտության հիմքում առաջին հերթին ընկած են անվտանգությունը և որակը՝ գեղեցիկ միջավայր ձևավորելու տեսանկյունից:
Նարեկ Սարգսյանը նշեց, որ ձևավորվելիք ճարտարապետների պալատը լինելու է ինքնակարգավորվող մարմին, որը որակավորում է տրամադրելու ճարտարապետներին. «Ճարտարապետների համար պարտադիր պայմաններ են սահմանված՝ մասնագիտական ստաժ, քննություններ: Այս պահին լիցենզիաներ ունեցող ճարտարապետները պալատի ձևավորումից հետո կստանան որակավորում։ Ճարտարապետների պալատն ունենալու է նաև որակավորման և էթիկայի հանձնաժողովներ»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին, թե ո՞րն է ընդհանրապես ստեղծագործական միությունների գործառույթը. «Պարոն Սարգսյան, կուզեի Ձեր տեսակետն իմանալ Հայաստանում ստեղծագործական միությունների մասին: Ինչի՞ համար են դրանք: Միության նախագահները վարձակալության են տալիս Փոքր կենտրոնի շենքերի տարբեր հարկերը, որպեսզի նվազագույն սոցիալական հարցեր լուծեն՝ մի գրողի վիրահատեն կամ ուրիշ բանի համար, բայց աշխարհում նման բան չկա: Աշխարհում չկան ստեղծագործական միություններ, որոնք տարածքներ են վարձակալության տալիս, որ նվազագույն սոցաիալական խնդիրներ լուծեն: Ես հարգում եմ այդ միությունների նախագահներին, բայց այս քաղաքականությունը մեզ ո՞ւր է տանելու։ Եվ պալատ ստեղծելու դեպքում ինչո՞վ է զբաղվելու Ճարտարապետների միությունը»։
Նարեկ Սարգսյանն այսպիսի պատասխան տվեց. «Ինձ երբեք թույլ մարդ չեմ համարել, բայց իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ՝ ինչ եմ մտածում միությունների մասին։ Այսքանով կարծում եմ ասացի, թե ինչ եմ մտածում»:
Ինչ վերաբերում է Ճարտարապետների միությանը՝ նա ասաց. «Ճարտարապետների միություն չի լինում, այսինքն՝ այս պալատը դառնում է նրա իրավահաջորդը, ձեռք է բերում պետության կողմից իրեն տրված արտոնագրման լիազորություն, ձեռք է բերում պատասխանատվություն իր գործընկերների կատարած աշխատանքի որակի մասնագիտական որակի, պահվածքի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան