Այս պահին չունենք իրական բանակցային գործընթաց. Սերգեյ Մինասյան
«Շատ համարձակ կլինի ասել, որ որակապես նոր շրջան է ստեղծվել արցախյան հակամարտության բանակցային և զարգացման փուլերում»,- «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Միաժամանակ նա նշեց, որ կան ներքին, արտաքին գործոններ, որոնք կարող են որոշ չափով հնարավորություն տալ ասելու՝ կան նոր զարգացումներ, բայց այն գործոնները, որոնք տասնամյակներ ազդել են հակամարտության ռազմաքաղաքական, դիվանագիտական բնույթի վրա, մնում և պահպանվում են:
«Գլխավոր խնդիրն այն է, որ մենք այս պահին չունենք իրական բանակցային գործընթաց՝ կոնֆլիկտի լուծման շուրջ»,- ասաց Ս. Մինասյանը՝ հավելելով, որ դիվանագիտական բոլոր շփումները, գործընթացները, քննարկումները կապված են մեկ այլ խնդրի հետ՝ շփման գծում միջադեպերի կանխման ու վստահության մեխանիզմների ստեղծման ճանապարհներ գտնել, քանի որ առանց դրանց ներդրմանը կոնկրետ բանակցային գործընթացում որևէ լուրջ առաջխաղացում հնարավոր չէ:
«Առանց Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների ներդրման, կարծում եմ, մենք դժվար թե կարողանանք խոսել լուրջ բանակցային գործընթացի մասին: Բոլորի համար հասկանալի է, որ այդ խնդրի առկայությունը մեծամասամբ պայմանավորված է ադրբեջանական կողմի մոտեցումներով, Ադրբեջանը շահագրգռված չէ այդ վստահության մեխանիզմների ստեղծմամբ»,- նշեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խումբը բավարար չափով թափանցիկ չէ. Ռ.Կիրակոսյան
- ՄԹ-ն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին. Դեսպան