Սպասո՞ւմ էին արդյոք ճարտարապետները իրենց մասին օրենքին
Ազգային ժողովի օրակարգում է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի լրամշակված տարբերակը: Այս օրենքը, նաև օրենքով նախատեսված Ճարտարապետների պալատի ստեղծումը որոշակի հույս է տալիս ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներին, որ այսօր ոլորտում առկա թերությունները, դժգոհությունները որոշակիորեն կվերանան:
«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը գալու է համալրելու արդեն իսկ գոյություն ունեցող օրենքները՝ «Քաղաքաշինության մասին», «Հուշարձանների պահպանության մասին», սակայն այս օրենքի ընդհանուր գաղափարը հետևյալն է՝ բարձրացնել և ամրապնդել ճարտարապետի դերը, պատասխանատվությունն ու նշանակությունը ոչ միայն որպես ստեղծագործող անձի, այլ նաև օրենսդրական նորմերի, կառուցապատման կարգի պահպանման երաշխավորի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետության թեկնածու, Ճարտարապետների միության վարչության անդամ, Լիոնի բարձրագույն ազգային ճարտարապետական դպրոցի պրոֆոսոր Նունե Չիլինգարյանը:
Նա շատ կարևորեց կոնկրետ այս փաստն այն առումով, որ ճարտարապետը պարտավոր է կատարել ոչ թե կառուցապատողի, մասնավոր ներդրողի պահանջները. «Դրանք, անշուշտ, պետք է հաշվի առնվեն, սակայն միայն օրենքի անվերապահ պահպանման շրջանակներում, ճիշտ այնպես, ինչպես բոլոր բնագավառների մասնագետների, և, առհասարակ, քաղաքացիների համար»:
«Բոլոր օրենքները գրվել են հենց այդ նպատակով: Այս օրենքը գալիս է ամրապնդելու դա: Խնդիրն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում, մասնավորապես մայրաքաղաքի կառուցապատման գործընթացում, բազմաթիվ թերություններ բացատրվել են ներդրողի պարտադրանքը բավարարելու պատճառաբանումով: «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում մշակված են մի շարք մեխանիզմներ, որոնց կիրառման դեպքում, հուսանք, նմանօրինակ շեղումներ այլևս տեղ չեն գտնի:
Այն ինչ արվում է, նրա համար է, որ ճարտարապետական, քաղաքաշինական գործունեությունը՝ մնալով ստեղծագործ բնագավառ, այնուհանդերձ իրականացվի անդրդվելի օրենքի շրջանակներում»,- նշեց Ն. Չիլինգարյանը:
Պատասխանելով հարցին, թե վերջին տարիներին կառուցված շենքերից որո՞նք են հակասում մշակված պահանջներին, նորմերին, մասնագետն ասաց. «Դա ծավալուն ուսումնասիրության հարց է, մասնագիտական կամ մի գուցե նաև, որոշ դեպքերում, դատական քննման հարց է: Հատ-հատ անիմաստ է մատնանշել կառույցները /նորակառույց կամ քանդված/, սակայն այն, ինչ կատարվել է Երևանում վերջին 20 տարում, նկատի ունեմ փոքր կենտրոնի խտացումը՝ միաժամանակ դրա արժեքավոր պատմական շերտի զգալի կորստի և խեղաթյուրման հետ, անթույլատրելի էր, տեղի է ունեցել կառուցապատման մի շարք նորմերի խախտմամբ: Մասնավորապես, խիստ սեյսմիկ գոտում չէր կարելի թույլ տալ նման մեծ խտություն՝ շենքերի, մարդկանց: Չմոռանանք, որ Երևանի այսօրվա փոքր կենտրոնը, որը ժամանակին Թամանյանի նախագծած ողջ Երևանն էր, նախատեսված էր ընդամենը 150 000 բնակչի համար: Եվ այն, բնականաբար, չէր ենթադրում ոչ մարդկանց, ոչ էլ տրանսպորտային նման անկառավարելի հոսքեր և խտություն: Կարող ենք ասել, որ փոքր կենտրոնն այսօր տևական կոլապս է վերապրում»:
Ն.Չիլինգարյանը հույս հայտնեց, որ այս օրենքի ընդունումից հետո նման խախտումները չեն լինի. «Մեծ հույս ունեմ, որ այդպես կլինի: Համենայնդեպս, ճարտարապետներն այդ ուղղությամբ շատ ջանքեր են ներդրել, աշխատել»:
Ճարտարապետների միության քարտուղար Բորիս Քոչարյանի կարծիքով, այս օրենքի ընդունմամբ ճարտարապետներն ավելի մեծ պատասխանատվությամբ օժտված կլինեն:
«Եթե հիմա ճարտարապետը պատվիրատուի վարձած մարդն է, ով ընդամենը գծագիր է անում, հանձնում պատվիրատուին, նույնիսկ պատվիրատուն չցանկանալու դեպում կարող է չհսկել շինարարությունը, աստիճանաբար պետք է անցնենք նրան, որ ճարտարապետը պատասխանատու լինի կառույցի համար ամբողջությամբ: Օրենքով առաջարկվում է ստեղծել Ճարտարապետների պալատ, որը որպես ճարտարապետների միավորում, պետք է վերցնի իր վրա պատասխանատվություն՝ իր անդամների գործունեության համար»,- նշեց նա:
Բ. Քոչարյանի խոսքով, պալատը պետք է նաև պաշտպանի ճարտարապետին. «Եթե կառուցապատողի պահանջը հակասում է գործող օրենսդրությանը, ճարտարապետը՝ որպես մասնագետ, պարտավոր է այդ պահանջը չկատարել, ոչ թե ասել, որ պատվիրատուի պահանջն է, չէր կարող չկատարել: Այս դեպքում եթե նա պատվիրատուի կողմից ենթարկվի ինչ-որ պատասխանատվության, պալատը նրան կպաշտպանի այդ հարցում»:
Նա նշեց, որ Սովետական միության ժամանակ ամեն ինչ պետությունն է արել՝ մշակել նորմաները, նախագծել, պատվիրել, իրականացրել շինարարությունը:
«Կարգավորումը գնում էր ամբողջական ցիկլով: Այժմ կարգավորմար մեխանիզմներ չկան, ազատ գործունեության դաշտ է, ընդամենը լիցենզիա է պետք և վերջ, դրանից հետո մնացած հարցերով զբաղվող չկա: Անհրաժեշտ է ունենալ մեխանիզմը, որն ամբողջ աշխարհում կա՝ ինքնակարգավորվող կազմակերպությունների միջոցով, մեզ համար է նորություն: Ինչքան շուտ ընդունենք այս օրենքը, այնքան լավ, այն իր հետ կբերի ուղղումներ, կարգավորումներ»,- ասաց Բ. Քոչարյանը:
Նրա խոսքով, այսօրվա որոշ կառույցների նկատմամբ, իհարկե, մասնագիական հանրության մեջ կան դժգոհություններ, սակայն դժվարացավ թվարկել կոնկրետ շենքեր, որոնք նորմերի, չափանիշների խախտումնեով են արված. «Ամեն ինչ կարգավորելու, իրար լեզու հասկանալու համար հանրությանը կամավոր միասնական կառույցի մեջ հավաքելն է, որտեղ կարող են ներքին հարցերը կարգավորել»:
Բ. Քոչարյանի կարծիքով, նույնիսկ այս օրենքի ընդունումից հետո չեն դադարի դժգոհությունները, եթե տարածքի, ճարտարապետական ժառանգության, տարածական զարգացման նկատմամբ լինի նույն վերաբերմունքը:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ՝ ինչ եմ մտածում միությունների մասին». Ն. Սարգսյան
- Ճարտարապետները ԱԺ նախագծի կիզակետում են
- Ոնց կլինի՝ «Ճարտարապետների պալատ» լինի, իսկ «Շինարարների պալատ»՝ ոչ
- Ճարտարապետ. Գաղտնիք չէ, որ այսօր լիցենզավորման գործընթացը կոռումպացված է
- Նախատեսվում է ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ
- Անհրաժեշտ է ճարտարապետների հավատարմագրման գործընթաց իրականացնել. Մ. Մինասյան
- Ճարտարապետ. Շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը
- «Ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի». մտահոգություններ Երևանի ճարտարապետության մասին
- Ճարտարապետների միջազգային օրն է
- Թանգարանների երկիր Հայաստանս
- Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան