Մեկնարկում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը սիմֆոնիկ և կամերային համերգներով Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Բացման համերգը կկայանա սեպտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նվագախմբի հետ ելույթ կունենան իտալացի հանրահայտ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և 15-ամյա հրաշամանուկ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը (Ռուսաստան): Ծրագրում՝ Մոցարտ, Չայկովսկի և Բորոդին: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Փառատոնի շրջանակում կլինեն մի քանի հոբելյանական համերգներ. սեպտեմբերի 18-ին կնշվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, սեպտեմբերի 24-ի համերգով՝ ՀՀ Անկախության օրը: Սեպտեմբերի 29-ին հոբելյանական մեծ համերգով Ֆիլհարմոնիկը կտոնի մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակը:
Հոբելյանական կլինի նաև փառատոնի փակման համերգը. հոկտեմբերի 27-ին կտոնվի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը:
Առանձնահատուկ համերգներ են սպասվում հոկտեմբերի 6-ին, երբ բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին ֆիլհարմոնիկի լարային կազմի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի երեկո (կլինեն նաև պարային կատարումներ) և հոկտեմբերի 12-ին, երբ բեմում «մարտի կբռնվեն» երկու գերմանացի դաշնակահարներ՝ ներկայացնելով «Դաշնամուրամարտ» ստեղծագործությունը:
Ընդհանուր առմամբ, կկայանան թվով 12 մեկը մյուսից հետաքրքիր ու բազմագույն համերգներ: Իսկ փորձերից ու համերգներից հետո հյուր մենակատարները վարպետության դասեր կունենան հայ սկսնակ երաժիշտ-կատարողների հետ:
Կազմակերպիչները նշում են, որ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը անցկացնում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ :
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան