ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են. Կարեն Կարապետյան
«Մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային բանկի հետ մեր սերտ համագործակցությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով այն շարունակական է և ունի զարգացման միտում»,- այս մասին Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյա տարեդարձին նվիրված «Ապագայի Հայաստան» խորագրով ֆորումի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի համար առանցքային գործընկերներից է, և հաջողությամբ համագործակցում են տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում:
Կարեն Կարապետյանը նշեց, որ այս 25 տարիների ընթացքում ՀԲ-ի աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ժամանակակից ինստիտուտների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: «Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում և առաջընթաց: 2014 թվականից մենք թևակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ ներկայում ՀՀ կառավարությունը նախաձեռնել է և իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումների և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր: «Ես ուզում եմ այս պահին նաև նշել, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաև մեր գործընկերների կողմից, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Այդ ծրագիրը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում և էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ: Ուրախ եմ փաստելու, որ Կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են»,- ընդգծեց վարչապետը:
Կարեն Կարապետյանն ասաց, որ ապագային ուղղված կառավարության վերջնանպատակն է՝ ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան. «Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի և բանկի համագործակցության առանցքային հենասյունը: ՀԲ-ի լայնածավալ փորձը և գիտելիքների բազան կօժանդակեն Կառավարությանը ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործմամբ և մրցունակության բարձրացմամբ՝ ապահովելու տասնամյակների առաջանցիկ զարգացումը»:
Վարչապետը հայտնեց, որ ՀԲ-ի կողմից 25 տարվա ընթացքում նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը ՀՀ-ում 620 մլն դոլարի սահմաններում է:
Կարեն Կարապետյանը նշեց, որ գլոբալ տնտեսության պայմաններում զարգացման և առկա մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսություն և արդյունավետ պետական կառավարում: Ըստ նրա՝ ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձևափոխել տնտեսական աճի մոդելը և ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ:
«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ և նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից և շարունակվի անընդհատ»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան