Սահմանամերձ Աչաջուրի գյուղապետի տեղակալը յուրացրել է ջրագծի գումարը
Նախորդ տարվա մարտին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի խմելու ջրագծի հիմնանորոգման համար հատկացվել է 2.800.000 դրամ: Հատկացված գումարը Աչաջուր համայնքի ղեկավարությունը յուրացրել է:
Այս մասին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշելով, որ դա պարզվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում:
Բացի այս, դարձյալ նախորդ տարվա մարտին Աչաջուր համայնքի Նորաշեն թաղամասի խմելու ջրագծի հիմնանորագման համար հատկացվել է 630 հազար դրամ: Ոստիկանները պարզել են, որ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 530 հազար դրամը յուրացրել է համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանը: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են: