Հայաստանում հեշտ է աշխատել. պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակ
Հայ-լեհական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամոր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ արշավախումբը շարունակել է բացված սենյակների ուսումնասիրությունը, բացվել են նորերը, հայտնաբերվել` թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակի խոսքով, այդ են վկայում նաև նախորդ տարի Եվրոպայում իրականացված С 14 ռադիոածխածնային հետազոտությունների արդյունքները:
Հնագետները հետազոտում են բնակատեղիի փոփոխությունը ուշ բրոնզից մինչև Աքեմենյան ժամանակաշրջանը: Ք. Յակուբյակն ասել է, որ Մեծամորն այդ առումով կարևոր նշանակություն ունի Արարատյան դաշտի բնակատեղիների շարքում:
«Մեծամորը վաղ երկաթի դարաշրջանում քաղաք է եղել և ավերվել է ուրարտացիների կողմից, հիմա թաղումներ են բացվում, գտածոներ են հայտնաբերվում և ավերածությունների փաստեր արձանագրվում: Դրանք հարստացնում են մեր պատկերացումներն Արգիշտի 1-ի և հետագա շրջանի ուրարտացիների` Մեծամորի վրա ունեցած ազդեցության մասին»,- նշել է Յակուբյակը:
Ներկայում ուսումնասիրվում են հնամարդաբանական նյութերը, իսկ հայտնաբերված օրգանական նյութերը (փայտածուխ և այլն), որոնք կարող են հստակ թվագրել մշակութային շերտերը, նախատեսվում է ուղարկել արտասահման` լաբորատոր հետազոտության:
Այս տարի արշավախմբի կազմում 25 հնագետ է, որոնց թվում` Վրոցլավի համալսարանի հնագիտության բաժնի ուսանող, Լիվերպուլի համալսարանի դոկտորանտ, Ֆ. Նանսենի անվան համալսարանի կրկնակի մագիստրոս և այլք:
Պրոֆեսոր Ք. Յակուբյակը մասնակցել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում և Իրաքում իրականացված հնագիտական աշատանքներին: Ըստ նրա, Հայաստանն այդ առումով իր առաձնահատկություններն ունի:
«Հայաստանը քրիստոնեական-եվրոպական արժեքներ կրող երկիր է և հեշտ է աշխատել այստեղ: Հայ գործընկերները բավականաչափ փորձ ու գիտելիքներ ունեն: Հայերն անկեղծ են ու ժպտերես», -նշել է Ք. Յակուբյակը:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը
- Մեծամորն այսօր Մերձավոր Արևելքի ամենաբարձր չափանիշներն ունեցող հուշարձաններից է. հնագետ
- Մեծամորի երկու հատվածում այս տարի պեղումներ են իրականացվելու
- Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են
- «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն». Միջազգային գիտաժողով՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան