Ժամանակն է վերաիմաստավորել տնտեսական աճի մոդելը. Վարդան Արամյան
«Հայաստանը Համաշխարհային բանկի հետ համագործակցում է 1992 թվականից և առ այսօր մեր երկիրն ունեցել է բավականին լուրջ առաջընթաց»,- այսօր Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև 25 տարվա համագործակցությանը նվիրված «Ապագայի Հայաստանում» խորագրով ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարը նշեց, որ ըստ երկրների համեմատականի՝ այդ առաջընթացը չափվում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, ենթակառուցվածքների զարգացման ինդեքսով, ինչպես նաև գնողունակության բարտերով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, որով չեն կարող չարձանագրել, որ առաջընթաց չի եղել:
«Ավելին, 2012-2013 թթ-ին մենք արդեն դուրս ենք եկել միջազգային զարգացման գործակալության օպերացիոն երկրների շարքից, ինչը դրոշակ է բարձրացնում, որ հետայսու ՀԲ-ի չափանիշներով Հայաստանը համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր: Այս ցուցանիշները մեկ անգամ ևս փաստում են, որ մեզ մոտ եղել է զարգացում»,- ասաց Վարդան Արամյանը:
Ըստ նախարարի՝ վերջին շրջանում կառավարությունն ունի ամբիցիոզ քայլեր նախաձեռնելու շարժառիթներ ու պահանջներ, որը ամրագրված է Կառավարության ծրագրում, ինչի մասին բարձրաձայնել է նաև ՀԲ-ի ներկայացուցիչը:
Վարդան Արամյանը նշեց նաև, որ ժամանակն է վերաիմաստավորել տնտեսական աճի մոդելը, այսինքն, այն տնտեսական աճի մոդելը, որ Հայաստանն ունեցել է մինչև ճգնաժամը.«Հենց ճգնաժամն էլ վեր հանեց, որ այս տնտեսական մոդելը կայուն չէ, քանի որ ունեինք բարձր աճի տեմպեր, բայց իրականում այդ աճի տեմպերի մի մասը համաշխարհային էքսպանսիայի, տրանսֆերտների արդյունքում էր, որ գալիս էր և պահանջարկն էր բարձրացնում, մասնավորապես, կապիտալ շինարարությունն էր զարգանում և այլն: Այսինքն՝ ներքին կարողությունների կամ ներքին աճի փոքր ցուցանիշներն էին, որ բացատրում էին այդ բարձր աճը»:
Ըստ նրա՝ հետագայում պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Հայաստանի տնտեսությունն աճի ներքին արտադրողականության բարձրացման հաշվին, ինչը նշանակում է տնտեսական մոդելի վերաիմաստավորում:
«Իհարկե, պետք է նշեմ, որ մենք վերջին տարիներին հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք: Օրինակ՝ արտահանումը մեր ընդհանուր ՀՆԱ-ում միջճգնաժամային հատվածում և այսօր ավելի քան 10 տոկոսային կետով բարձրացել է»,-ընդգծեց ֆինանսների նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան