«Շողեր» երգչախումբը մասնակցել է Մյունխենի մշակութային երեկոյին
Գերմանիայի Մյունխեն քաղաքում արդեն տասնմեկ տարի քաղաքապետարանը կազմակերպում է մշակութային երեկո՝ «Գիշերային երազներ» խորագրի ներքո: Քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում կառուցվում են բեմեր, որտեղ հնչում է բազմաժանր երաժշտություն, տեղի են ունենում շոու-ներկայացումներ և ելույթ են ունենում պարային խմբեր:
orer.eu-ի հաղորդմամբ, այս տարի հերթական «Գիշերային երազներին» երգչախմբային արվեստը մյունխենցիներին ներկայացրել է հայկական «Շողեր» երգչախմբը: Մյունխենի Ռիխարդ Շտրաուսի անունը կրող շատրվանի մոտ կառուցված բեմը մի քանի ժամով էր տրամադրվել «Շողեր»-ին: Բոլոր կատարումները գերմաներենով ներկայացրել և մեկնաբանել է խմբի ղեկավար Արմինե Բաբայանը:
Մակար Եկմալյանի և Կոմիտաս Վարդապետի մշակումներից բացի գերմանական բեմից հնչել են նաև երևանյան քաղաքային ֆոլկլորը ներկայացնող երգեր:
orer.eu-ի հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արմինե Բաբայանը նշել է, որ նման մեծ միջոցառման մի մասնիկ լինելն ու քաղաքի կենտրոնական բեմում երգելը մեծ պատիվ է և պատասխանատվություն:
«Մենք ուրախ ենք, որ երգչախմբի հինգ տարվա գործունեությունը այսպիսի արդյունքներ է տալիս, և մեր ջանքերը իզուր չեն անցնում: «Շողերը» շարունակելու է իր առաքելությունը և հայկական երգը շարունակելու է հնչել միջազգային բեմերից»,- ասել է նա: