570 միլիոն դրամի արտահանման պատվեր Հայաստանի սննդարդյունաբերողներին
Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություններ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով մեր երկիրը ներկայացնում են «WorldFood Moscow 2017» ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային և աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։
Նաև՝ Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերությունների արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտադրանքը միջազգային շուկային ներկայացնելու համար հիմնադրամն ընկերություններին աջակցում է արտահանման խթանման ու արտադրանքի ճանաչելիության բարձրացման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։ Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել։
«Անցած էքսպոյին հայկական արտադրողներն այս ցուցահանդեսի համար ռեկորդային ծավալի արտահանման պայմանագրեր են կնքել։ Բայց սա էլ բավարար չենք համարում. մասնակից ընկերությունների առջև մենք խնդիր ենք դնում ավելի ճկուն լինել, արտադրանքի տեսքը, որակն ու ծավալները համապատասխանեցնել միջազգային տարբեր շուկաների պահանջներին ու ավելացնել կնքվող պայմանագրերի ծավալները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական տաղավարում կանցկացվի համտես, որի ընթացքում այցելուներին, մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացվեն ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքատեսակները։ Այդ թվում՝ նորերը. լցնովի գարեջուր, հունական յոգուրտ, «Արֆետտո» պանիր, բիոթթվասեր ու բիոկաթնաշոռ։ Ընկերություններից մի քանիսը մասնակցելու են մրցույթների։
«WorldFood Moscow 2017»-ին մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ՝ ավելի քան 65 երկրներից, սպասվում է շուրջ 29 հազար մասնագետի այցելություն։ Ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։