Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Կազմակերպիչները վստահեցնում են՝ տեսնելու, Այվազովսկուն նորովի բացահայտելու շատ բան է լինելու:
Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է լինելու 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր:
«Ներկայացվելու են մեր հավաքածուից գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբևէ մեր մշտական ցուցադրությունում չեն եղել: Մարդկանց մեծ մասը Այվազովսկուն ընկալում են որպես ծովանկարիչ, բայց ունի լավ գրաֆիկական աշխատանքներ, բնանկարներ, ճեպանկարներ: Շատերի համար բացահայտում է լինելու»,- նշեց նա:
Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Այվազովսկու՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը, որը, Ա. Ծատուրյանի խոսքով, շատ դժվարություններով է տեղափոխվել Երևան:
«Նկարի տեղափոխման հետ կապված մեծ դժվարություններ ենք ունեցել՝ թե օրենսդրական, թե կազմակերպչական առումով: Բացի այդ՝ Մխիթարյանները մեծ դժվարությամբ են բաժանվում իրենց հավաքածուների կարևոր նկարներից: Դա մեզ հաջողվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ կտավի տեղափոխումը, ապահովագրությունը պետությունը վերցրել է իր վրա:
Հայաստանի Ազգային պատկերասրահի թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանի ներկայացմամբ, «Քաոս» կտավը եղել է Այվազովսկու նվերը Հռոմի պապին՝ 1841 թվականին, իսկ Հռոմի պապն այն նվիրել է Մխիթարյան միաբանությանը 1901 թվականին:
«Նկարը պատմական է բոլոր առումներով՝ սկսած բովանդակությունից, դրա շուրջ ծավալված պատմությունից, շրջանակից, որը պահպանված է հենց Այվազովսկու ժամանակներից, չի փոխվել մինչ օրս»,- նշեց նա:
Նշենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահը Ղրիմի՝ Թեոդոսիայի թանգարանից հետո երկրորդն է Հ. Այվազովսկու հավաքածուով:
«Մեր թանգարանում պահվող աշխատանքների մեծ մասը շեդեվրներ են: Դրանով էր պայմանավորված, որ նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը, որը կազմակերպել էր Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես, որպես օտարերկրյա միակ թանգարան մեզ էր հրավիրել՝ 12 աշխատանքով»,- ասաց Ազգային պատկերասրահի տնօրենը:
Միաժամանակ համեմատելով Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված և Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպվելիք ցուցահանդեսները, Ա. Ծատուրյանն ասաց. «Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսն ավելի մասշտաբային էր, մոտ 200 աշխատանք էր ներկայացված, ինչը պայմանավորված էր նաև նրանով, որ Ղրիմի թանգարանն էլ էր իր աշխատանքները տվել, բայց մեզ մոտ ներկայացված աշխատանքներն ավելի գեղեցիկ են, ուրույն: Մեր հավաքածուն յուրահատուկ է»:
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Հարակից հրապարակումներ`
- «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
- Ազգային պատկերասրահը նախապատրաստվում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին
- ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
- «Պարծենում էի, որ Այվազովսկու հետնորդն եմ, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը»
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
- Լոնդոնում ռուսական արվեստի գործերի աճուրդում ներկայացված է Այվազովսկու հինգ կտավ
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին