Բագրատ Ասատրյան. Հայաստանի տնտեսությունը փողի կարիք չունի
«Հայաստանի տնտեսությունը հասել է այն վիճակի, որ փողի կարիք չունի: Չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է ներդրումներ անել»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Վկայակոչելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, Ասատրյանն ասաց, նախորդ տարվա 7 ամիսների համեմատ այս տարի կան դրական միտումներ՝ ՏԱՑ-ի աճը, արտահանման ծավալների աճը, արդյունաբերության աճը, սակայն լավագույն ցուցանիշները չեն: Իրավիճակը փոխելու համար ԿԲ նախկին նախագահի համոզմամբ, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
«Տարրական խնդիր կա, ազատական շուկայական տնտեսության պայմաններում բիզնեսի ու իշխանության սերտաճումը չարիք է: Իշխանությունից դուրս բերեք այն մարդկանց, ովքեր բիզնես ունեն, կամ մի դարձրեք նրանց հենասյուն: Առանց կոռուպցիայի այս իշխանությունը կփլվի»,-կարծիք հայտնեց Բ. Ասատրյանը՝ ավելացնելով, որ իր հայտարարությունները ոչ թե հուսահատ խոսք են, այլ իրականության ռեալ գնահատում: