Հիպոթետիկ վիճակներին ես չեմ անդրադառնում. Արմեն Ռուստամյանը՝ կոալիցիա կազմելու մասին
«ԵԱՏՄ անդամակցության ժամանակահատվածում երկիրը կարողացել է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել, հետևաբար անդամակցության որոշման կայացումն ամենաճիշտն էր այդ պահին»,- ԱԺ-ում այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ունենք անվտանգության երկու հիմնական բաղադրիչ՝ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ. «Այլընտրանք այսօր Հայաստանը չունի: Իհարկե, կարող է ունենալ, և պետք է ամեն ինչ անենք, որ այլ ուղղություններով այլընտրանքներ ունենանք: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այնտեղ ունենք տնտեսական հնարավորությունների մեծ դաշտ, որը լիարժեք չի օգտագործվել: Դրանում մենք ենք մեղավոր, քանի որ չենք կարողացել մեր տնտեսությունը համապատասխանեցնել նոր իրավիճակին»:
Արմեն Ռուստամյանը դրական գնահատեց ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու՝ «Ելք»-ի նախաձեռնությունը՝ նշելով, որ «սա լավ հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու ԵԱՏՄ անդամության դրական և բացասական կողմերի մասին»:
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց՝ փաստաթուղթը մեզ շատ բան է տալու: Խոսքը, մասնավորապես, այն արժեհամակարգի տեղայնացման մասին է, որն անհրաժեշտ է կառավարման նոր կարգի անցնող երկրին. «Եվրոպական պառլամենտարիզմի փորձը, ձեռքբերումներն ու նվաճումներն օդուջրի պես պետք են մեզ»։
Լրագրողներն Արմեն Ռուստամյանին խնդրեցին գնահատել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկ տարին: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Կարեն Կարապետյանի գալով՝ կառավարման համակարգում նոր շունչ մտավ:
«Ուղղությունը, որ կառավարությունը վերցրել է, գրեթե 90 տոկոսով համապատասխանում է ՀՅԴ-ի պատկերացումներին: Մեզ համար կարևորն այն գաղափարներն ու ծրագրերն են, որոնք պետք է շարունակություն ունենան: Թե ով կլինի իրականացնողը, իհարկե կարևոր է, սակայն դա ամենագլխավորը չէ: Նա պետք է կարողանա հոգով-սրտով կատարել գործը»,- նշեց պատգամավորը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն Արմեն Ռուստամյանից նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՅԴ-ն, ԲՀԿ-ի հետ միասին, իրեն տեսնո՞ւմ է կոալիցիայում: «Հիպոթետիկ վիճակներին ես չեմ անդրադառնում: Կլինի կոնկրետ վիճակ, կխոսենք»,- ասաց նա:
Իսկ ՀՀԿ-ի հետ քննարկումներ կա՞ն՝ 2018 թվականից հետո ՀՅԴ-ի հետ համագործակցության շուրջ, ճշտեցին լրագրողները: «Չէ, 18-ից հետոյի մասին չպետի խոսենք, մենք խոսում ենք 2018-2022 թվականների մասին»,- ամփոփեց խորհրդարանականը:
Հարակից հրապարակումներ`
- Կոալիցիայի հարց չի քննարկվել, բայց ոչինչ չեմ բացառում. Գագիկ Ծառուկյան
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի