Փաշինյան. Հանեք բացակա պատգամավորների քվեարկությունը, սա էլ հո Մալաթիայի շուկան չի
Ազգային ժողովը շարունակում է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան: Այսօրվա նիստի օրակարգում 30 հարց է, որից 9-ը միջազգային համաձայնագրերին է վերաբերում:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը՝ քվեարկության են դրված երեկվա նախագծերը. «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծի օգտին կողմ քվեարկեց 93 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չեղավ։
Նախագծի քվեարկությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացակա պատգամավորների փոխարեն ևս քվեարկվել է. «ՀՀԿ-ի կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ են քվեարկում»։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատողություն արեց պատգամավորներին՝ հիշեցնելով, որ կարող են քվեարկել միայն այն պատգամավորի փոխարեն, ով գրավոր թույլտվություն է տվել:
«Հանեք բացակա պատգամավորների քվեարկությունը, սա էլ հո Մալաթիայի շուկան չի՞, որ կարգուկանոն անեն»,- արձագանքեց Փաշինյանը։
ԱԺ-ն հավանություն տվեց նաև Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունները վավերացնելու մասին համաձայնագրին, որին կողմ քվեարկեց 91 պատգամավոր։
Հաջորդ նախագիծը՝ «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ընդունվեց. կողմ՝ 91, դեմ և ձեռնպահ չեղավ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծին կողմ քվերակեց 92 պատգամավոր, դեմ և ձեռնպահ կրկին չգրանցվեց։
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին կողմ քվերակեց 92 պատգամավոր՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների։
«Գործունեության իրականացման ծանուցան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 82 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ։
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ՝ 85 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
- «Ո՞րն է երաշխիքը, որ այս համաձայնագիրը կիրականացվի». Փաշինյան
- Եթե դուք տեսնում եք հակասություն, խնդրեմ ներկայացրեք. Շավարշ Քոչարյան
- Մեկնարկեց ԱԺ նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան