ԱԺ-ում շարունակվում է Ճարտարապետների պալատի ստեղծման հարցի քննարկումը
Ազգային ժողովում շարունակվում է Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագծի քննարկումը։ Համաձայն նախագծի, ճարտարապետների միության հիմքում պետք է ստեղծվի Ճարտարապետների պալատ։
Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը նշեց, որ Ճարտարապետական գործունեության մասին օրենքը կոչված է կարգավորել ոլորտում առկա խնդիրները։ Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությամբ կառավարության լիազոր մարմնի պարտականությունները փոխանցվում են հասարակական կազմակերպությանը, որն ավելի նախանձախնդիր կլինի ոլորտում առկա հարցերի լուծմանը. «Արտոնագրման իրավունքը կվերապահվի ճարտարապետների պալատին: Այն ստեղծված կլինի Ճարտարապետության միության հիմքում։ Ճարտարապետները կարող են արտոնագրվել, բայց չանդամագրվել Ճարտարապետական պալատին»:
ԱԺ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հարցրեց Վահան Հարությունյանին, թե արդյոք Ճարտարապետների պալատը վարչական մարմին է դառնալու, ինչին հնչեց դրական պատասխան։
Թովմասյանը նաև հարցրեց՝ արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, թե որ դատարանն է բողոքարկելու պալատի գործողությունները կամ անգործությունը, և ի՞նչ ընթացակարգով է այն բողոքարկվելու:
«Հարցը հանձնաժողովում չի քննարկվել»,- պատասխանեց Հարությունյանը։
«Եթե ոչինչ նախատեսված չէ, ապա պալատի գործունությունը քննարկվելու է քաղաքացիական դատավարության ընթացակարգով, իսկ այդ պարագայում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմները բացակայալու են, որովհետև քաղաքացիական դատավարությունը հավասարության սկզբունքով է, իսկ պալատն ունի իշխանական բնույթի լիազորություններ, գտնվում է անհավասար վիճակում»,- մանրամասնեց Թովմասյանը։
Վահան Հարությունյանն ասաց, որ հարցը պետք է քննարկվի։
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն իր ելույթում անդրադառնալով պալատի հասարակական կազմակերպություն լինել-չլինելու հարցին նշեց. «Զուտ իրավական հարցերի առումով, իրավաբան չլինելով, կարող եմ ասել, որ մենք նշում ենք նմանատիպ կառույցներ են սնանկացման կառավարիչներ, դատական հաշտարարներ, սրանք ինքնակառավարվող կազմակերպություններ են, ինքնակառավարման սկզբունքով են աշխատում»։
Նրա խոսքով՝ պալատը ստեղծվելիս, բոլոր այսօր գործող ճարտարապետները, որոնք ունեն լիցենզիա, անկախ նրանից, թե որ բանակավայրում են ապրում, նրանք մեխանիկորեն, առանց քննությունների դառնում են պալատի անդամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սպասո՞ւմ էին արդյոք ճարտարապետները իրենց մասին օրենքին
- «Իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ՝ ինչ եմ մտածում միությունների մասին». Ն. Սարգսյան
- Ճարտարապետները ԱԺ նախագծի կիզակետում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին