«Մեր քաղաքացիները ԵՄ-ում քաղաքական ապաստան ստանալու համար դիմում են ամենաէկզոտիկ, ամենաայլանդակ պատճառներով». Զոհրաբյան
«Հայաստանում քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։
Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով հարցը, նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, համաձայն որի՝ որոշակի ժամկետից հետո Հայաստանում քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ Նախագահից կտեղափոխվի լիազոր մարմին:
«Կառավարությունը կֆիքսի, թե ով է լիազոր մարմինը, ով կզբաղվի այդ խնդիրներով։ Փոփոխություններով՝ քաղաքական ապաստան հայցողների դիմումները կքննվեն 30-օրյա ժամկետում՝ 10-օրյայի փոխարեն, իսկ բողոքարկման կարգը տեղափոխվել է դատական տիրությթ և կիրականացվի դատական կարգով»,- մանրամասնեց նա։
Հիմնական զեկուցողին հարց ուղղեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը. «Նախագծի երրորդ հոդվածում ձևակերպված է, թե քաղաքական ապաստան հայցողների դիմումների քննության ժամանակ հաշվի են առնվում հայցողի ներկայացրած փաստական տվյալները, իրավասու մարմիններից ստացված եզրակացությունները: Չի կարելի հստակություն մտցնել, թե որո՞նք են այդ իրավասու մարմինները»։
Փոխնախարարը պատասխանեց, որ հարցը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում, որտեղ առաջարկ է արվել հանել վարչարարության մասն ու այն ընդունվել է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց. «Չնայած տնտեսական զարգացման նախարարությունը վերջերս հրապարակել է մի իրականություն, որը որևէ սթափ տրամաբանության մեջ հնարավոր չէ տեղավորել, որ Հայաստանում ներդրումները աճել են և 3000 նոր աշխատատեղ է բացվել, որն ուղղակիորեն հակասել է ԱՎԾ նույն ժամանակահատվածի հրապարակած տեղեկատվության հետ, այդուհանդերձ, այս լավատեսական ֆոնին ենթադրվում էր, որ Հայաստանից ԵՄ երկրներ քաղաքական ապաստան դիմածների թիվը պետք է պակասի, բայց դա այդպես չէ»։
Նրա խոսքով՝ Հայաստանը մեր տարածաշրջանում թվով ամենամեծն է, որից դիմում են ԵՄ երկրներ քաղաքական ապաստան ստանալու համար. «Եվ ընդհանրապես տարբեր կարգավիճակի համար դիմում են ամենաէկզոտիկ, ամենաայլանդակ պատճառներով: Չգիտես ինչու, վերջին շրջանում շատացել են «խառնամուսնությունների» պատճառով քաղաքական ապաստանի համար դիմածները: Այդ ո՞ր ծառայություններն են, որ անձնագրեր ու տեղեկանքներ են տալիս մեր այն քաղաքացիներին, ովքեր բրյուսելներում և ֆրանսիաներում հանդես են գալիս որպես ալի հասանովներ։ Սա մեր բոլորի ամոթն է»։
Զոհրաբյանը հավելեց, որ քաղաքական ապաստան հայցած քաղաքացիների 90 տոկոսը մերժում է ստանում, բայց անգամ դրանից հետո չեն վերադառնում Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին